Ես գելխեղդ եմ, բայց վախկոտ գելխեղդ եմ. Իմքայլականի խոստովանությունը

Ի դեպ, նկարում ևս գելխեղդ է, բայ դե՝ իռլանդական
Live24.am-ը ներկայացնում է

1

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ամենակոլորիտային, թերեւս ամենաբարի ու անկեղծ, երկրին երեւի թե ամենաքիչ վնաս տված պատգամավորներից մեկը՝ Հովիկ Աղազարյանը եւս մասնակցում է այս ընտրություններին։ Նրան գրել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի «հոբելյանական»՝ 70-րդ համարում։ Դիտարկմանը, թե բավականին հետ է ընկել ցուցակում, Աղազարյանն ասաց․ «Դա ի՞նչ կապ ունի, հաղթելու դեպքում անցողիկ ա, չհաղթելու դեպքում․․․ չանցողիկ»։

Նրան հիշեցրինք, որ Նիկոլ Փաշինյանը ժամանակին հայտարարել էր, թե օլիգարխներն այլեւս չպետք է տեղ ունենան քաղաքականության մեջ, եւ իրենց՝ 2018-ի ցուցակում էլ տեղ չգտան, բայց հիմա տեսնում ենք, որ երկու կարկառուն օլիգարխներ՝ Խաչատուր Սուքիասյանն ու Գուրգեն Արսենյանը, իրենց ցուցակի առաջին մասում են։ Սա ինչպե՞ս կբացատրի։ «Եթե սահմանեք՝ որն է կոչվում օլիգարխ, ես կպատասխանեմ»,- ասաց նա։


- Իսկ Ձեր պատկերացմամբ՝ ո՞րն է օլիգարխը։

- Իմ պատկերացմամբ՝ օլիգարխն այն անհատն է կամ անհատների խմբավորումն է, որ մեծ բիզնեսի մեջ ներգրավված լինելով հանդերձ՝ ունեն իշխանության մեջ ներկայացուցիչներ կա՛մ իրենք են հանդիսանում իշխանության մաս, կա՛մ հնարավորություն ունեն ազդելու այս կամ այն՝ ի նպաստ իրենց որոշումների վրա։

- Գրեթե իդեալական նկարագիր տվեցիք «օլիգարխ» հասկացությանը, հիմնական ընկալումն այդպիսին է, նաեւ օլիգարխն այն է, որ, լինելով խոշոր գործարար, քաղաքական գործընթացների վրա ազդելու հնարավորություն ունի։ Հիմա՝ Խաչատուր Սուքիասյանն ու Գուրգեն Արսենյանը մշտապես քաղաքականության մեջ են ներգրավված եղել եւ ունեն խոշոր բիզնեսներ, նրանք օլիգա՞րխ են, թե՞ ոչ։

- Էս պահին իրենք օլիգարխ չեն։

- Իսկ ո՞ր պահին էին օլիգարխ։

- Եթե մենք հաջողության հասնենք, եւ իրենք կարողանան երկու հոգով էնպիսի իրավիճակ ստեղծել, որ կարողանան ազդել որոշումների վրա, որոնք կլինեն, այսպես կոչված, ի նպաստ իրենց բիզնեսների, այդ ժամանակ կարելի է իրենց համարել օլիգարխ, որը, ես համոզված եմ, տեղի չի ունենա։

- Այսինքն՝ եթե իշխանության գան, կդառնան օլիգա՞րխ։

- Ոչ, մեխանիկորեն դա չի նշանակում, որովհետեւ երկու հոգի եթե բիզնեսի ներկայացուցիչ են, ասենք, 60 հոգանոց թիմում, նրանք չեն կարող օլիգարխ լինել։

- Իսկ Գագիկ Ծառուկյանն օլիգա՞րխ է, թե՞ ավելի շատ խոշոր սեփականատեր է։

- Ոչ, Գագիկ Ծառուկյանն օլիգարխ չէ, որովհետեւ ինքն իշխանության մաս չի կազմում՝ գործադիր իշխանության, ես նկատի ունեմ։ 

- Ստացվում է՝ բոլոր այն մարդիկ,  որոնք օլիգարխ են եղել ժամանակին, այսօր հենց մտան ձեր ցուցակ, այլեւս օլիգարխ չեն՝ սահմանման ինչ-ինչ նրբություններից ելնելով։

- Ոչ, ե՛ւ իրենք հնարավորություն ունեն դառնալու օլիգարխ, ե՛ւ մեր մեջ էլ կարող են ծնվել մարդիկ, որոնք կարող են դառնալ օլիգարխ, եթե թույլ տա մեր քաղաքական թիմն իր գործելակերպով։

- Դուք ժամանակին հարցազրույց եք տվել ու քննադատել եք Խաչատուր Սուքիասյանին՝ ասելով, թե նա Սերժ Սարգսյանի կենացն էր խմում։ Հիմա Դուք Սերժ Սարգսյանի կենացը խմողի հետ նույն ցուցակով գնում եք ընտրությա՞ն։

- Ես չեմ քննադատել, որ ինքը Սերժ Սարգսյանի կենացն ա խմում, ես էդ փաստն եմ արձանագրել։

- Իսկ դա դրակա՞ն փաստ է, որ ձեր ցուցակի անդամը Սերժ Սարգսյանի կենացն էր խմում։

- Դա արդեն թող յուրաքանչյուրն ինքն իր համար դատի, որոշի, թե ինչ հանգամանքներում է դա տեղի ունեցել, եւ ինքն իր հետեւությունն անի։ Ես չեմ ասել՝ վատ ա․․․ իմ ասածի էությունը կայանում էր նրանում, որ չի կարելի երեկ ընկեր լինել, էսօր ուրիշ ձեւով խոսել։

- Հենց այդ սկզբունքայնության տեսանկյունից, որ Խաչատուր Սուքիասյանը նախկինում ընկեր էր Սերժ Սարգսյանին, նրա հետ նստում-ելնում էր, նրա կենացն էր խմում, Սերժ Սարգսյանը նրա «մոլի» բացմանն էր գալիս, իսկ այսօր քննադատում է Սերժ Սարգսյանին, Ձեզ համար այդ որակներն ընդունելի՞ են։ 

- Ես իմ անձնական կարծիքն եմ հայտնում, որ ես էդքան էլ հաշտ չեմ էդ մտքերի հետ, բայց դե, բոլոր դեպքերում, քաղաքական թիմը որոշում է կայացրել, եւ ես պարտավոր եմ կա՛մ ենթարկվել այդ որոշմանն ու աշխատել ընդհանուր թիմային տրամաբանությամբ, կա՛մ հետեւություն անել։

- Իսկ Դուք չե՞ք բարձրացրել այդ հարցը, որ՝ հարգելիներս, այս ի՞նչ եք անում։

- Ես այդ հարցը չէի կարող բարձրացնել՝ մի պարզ պատճառով, որովհետեւ ես չունեմ համապատասխան կարգավիճակ, ես ո՛չ վարչության անդամ եմ, ո՛չ շտաբի անդամ։

- Կարող էիք այսպես՝ հարցազրույցներով բարձրաձայնել այդ մասին, որ չեք պատրաստվում գնալ մի ցուցակով ընտրության, որի մեջ կան նման «սկզբունքայնության» մարդիկ, որոնք Սերժ Սարգսյանի ընկերն են եղել ժամանակին։

- Ես էդպիսի տեսակետին համաձայն չեմ, որովհետեւ, եթե Դուք էդքան հետեւողական լրագրող եք, կարող եք նաեւ մեջբերել իմ ուրիշ ասած խոսքերը Սերժ Սարգսյանի եւ նրա թիմի մասին։ Ես ասել եմ, որ Սերժ Սարգսյանի թիմում մարդիկ, բացի նրանից, որ Սերժ Սարգսյանի հետ կապված են անձնական ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, այդուհանդերձ, նրանց մեջ կա նաեւ գաղափարական շաղախ՝ ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի։

- Ինչո՞ւ է ձեր թիմն այսպես վախեցած Սերժ Սարգսյանից, Ռոբերտ Քոչարյանից, նախկինների վերադարձից։ Ի՞նչ են անելու նրանք ձեզ, որ վերադառնան։

- Սերժ Սարգսյանից վախեցած չենք, ես Ռոբերտ Քոչարյանից եմ վախեցած, որովհետեւ ինքը վախենալու մարդ է, ես էլ վախկոտ տղա եմ։

- Բայց մենք Ձեզնից նման տպավորություն չէինք ստացել, Դուք գելխեղդների մեջ չե՞ք մտնում, բա գելխեղդների թիմի ներկայացուցիչը կվախենա՞ ինչ-որ մեկից:

- Մյուսները վախկոտ չեն, ես եմ վախկոտը:

- Այսինքն` ձեր իշխանության մի՞ մասն է գելխեղդ:

- Վախկոտ գելխեղդ չի՞ լինում, ես վախկոտ գելխեղդ եմ:

Հրապաակ