ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել ազատ արձակել բոլոր ռազմագերիներին և վերատեղակայել զորքերը

«Սահմանային վեճերը լուծելու համար ուժի գործադրումը կամ սպառնալիքն անընդունելի է». Հայտարարություն

ա

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպով (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆեր (ԱՄՆ)) այսօր հայտարարություն են տարածել օրերս Ադրբեջանի կողմից Գեղարքունիքի մարզում 6 հայ զինծառայողի գերեվարման առնչությամբ:

Ստորև թարգմանաբար ներկայացնում ենք համանախագահների հայտարարությունը. 

«Համանախագահները մայիսի 27-ին և 28-ին խորհրդակցություններ են անցկացրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պիտեր Մաուրերի և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ: Հանդիպումներին մասնակցել են նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Համանախագահներն ի գիտություն են ընդունել մայիսի 27-ին 6 հայ զինծառայողի բերման ենթարկելու տեղեկությունը և կոչ են անում ազատ արձակել բոլոր ռազմագերիներին և բոլոր պահվող անձանց՝ բոլորը` բոլորի դիմաց սկզբունքով: 

Համանախագահներն ընդգծում են միջազգային մարդասիրական օրենսդրությանը համապատասխան` պահվող անձանց հետ վարվելու պարտավորությունը: Համանախագահները վճռականորեն կոչ են անում կողմերին անհապաղ վերացնել Լեռնային Ղարաբաղ մարդասիրական մուտքի բոլոր սահմանափակումները, և կողմերին կոչ են անում ամբողջությամբ իրականացնել նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները:

Համանախագահները մտահոգությամբ ի գիտություն են ընդունում նաև Հայաստան-Ադրբեջան ոչ գծանշված սահմանին տեղի ունեցած միջադեպերի մասին վերջին մի քանի հաղորդագրությունները: Սահմանային վեճերը լուծելու համար ուժի գործադրումը կամ սպառնալիքն անընդունելի է: Մենք երկու կողմերին կոչ ենք անում անհապաղ քայլեր, այդ թվում՝ զորքերի տեղափոխում ձեռնարկել, իրավիճակն ապաէսկալացնելու և բանակցություններ սկսել սահմանի խաղաղ սահմանագծման և սահմանազատման համար: Համանախագահները պատրաստ են աջակցել այս գործընթացին նպաստելու հարցում:

Հաշվի առնելով ԵԱՀԿ-ի իրենց մանդատի պայմանները և տարածաշրջանի բոլոր բնակիչների ձգտումները դեպի կայուն, խաղաղ և բարեկեցիկ ապագա՝ համանախագահները կրկին կոչ են անում կողմերին առաջին իսկ հնարավորության դեպքում գործել իրենց հովանու ներքո»: