Հայաստանի առաջին նախագահի կուսակցությունը Փաշինյանին հեռացնելու հարցում պատրաստ է համագործակցության

Հայտարարություն

ա

Եթե մենք համագործակցենք որեւէ քաղաքական ուժի հետ, ապա դա կլինի միայն Նիկոլ Փաշինյանին հեռացնելու խնդրի շուրջ: Այս մասին մայիսի 27-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը:

«Մենք կարծում ենք, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, նրա իշխանության մնալու յուրաքանչյուր վայրկյանը լուրջ սպառնալիք է մեր պետության համար: Ուստի ՀԱԿ-ը այս ընտրություններին մոտենում է որպես պետության փրկության եւ վերականգնման գործողություն: Սա մեզ ստիպեց մասնակցել ընտրություններին, քանի որ այլընտրանքը պետականության փլուզումն է, հայ ժողովրդի համար նոր ողբերգությունը: Մենք նախազգուշացնում էինք, որ իրավիճակն այսպես կզարգանա: Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը «Պատերազմ, կամ խաղաղություն» հոդվածում նկարագրել է իրավիճակից դուրս գալու ուղիները: Եթե այն ժամանակ գործեին ճիշտ այնպես, ինչպես նկարագրված է հոդվածում, ապա այսօր մենք ուժեղ պետություն կունենայինք»,- ասաց նա:

Ներքին ցնցումները, նրա խոսքերով, կվատթարացնեն իրավիճակը Հայաստանում, դա էլ ավելի կոգեշնչի Ադրբեջանին, ուստի այժմ անհրաժեշտ է արագ վերականգնել արդյունավետ քաղաքական կառավարումը:

«Մենք պարտվեցինք, քանի որ 1998թ. արկածախնդրության ճանապարհով գնացինք, սկսեցինք աշխարհից ավելին պահանջել, քան աշխարհը կարող էր մեզ տալ: Լեւոն Տեր-Պետրոսյանն այս ընտրությունների հիմքում համախմբման գաղափարն է դրել։ Նա նույնիսկ դիմեց նախկին նախագահներին՝ առաջարկելով միասին գնալ ընտրությունների, ինչը հնարավորություն կտար ուժեղ նախընտրական հայտ ներկայացնել: Ցավոք, նախկին նախագահները չկարողացան հրաժարվել իրենց հավակնություններից եւ այլ ճանապարհով գնացին: Իսկ մենք առաջնորդվում ենք երեք սկզբունքներով՝ նորացված մոտեցում, երիտասարդացում եւ ընդլայնում»,- հավելեց Զուրաբյանը:

Նա շեշտեց բիզնեսը կառավարությունից տարանջատելու անհրաժեշտությունը՝ մարդիկ չպետք է պետական իշխանության լծակներն իրենց անձնական շահերի համար օգտագործելու հնարավորություն ունենան:

«Մեր ցուցակում այդպիսի մարդիկ չկան, բայց կան ձեռներեցներ, որոնք կարող են իրենց գիտելիքները կիրառել Հայաստանի զարգացման համար: Մեր ցուցակը ՀԱԿ-ի դաշինքն է հասարակության հետ: Այն իր մեջ ներառում է շատ փորձառու մարդկանց: Տարօրինակ իրավիճակ է ստեղծվել՝ մի կողմում Նիկոլ Փաշինյանի թիմն է, որը վերահսկում է Հանրային հեռուստատեսությունը, մի շարք լրատվամիջոցներ եւ մեծ օլիգարխների բանակը, որոնք անցել են իշխանության կողմը: Մյուս կողմից, կա ռոբասերժական ճամբարն է, որի ձեռքերում եւս կենտրոնացած են լրատվամիջոցներ ու նրանց սատարող օլիգարխները: Այս բոլոր ուժերը զբաղվում են հասարակական կարգի շահարկմամբ: Մենք այդ ռեսուրսները չունենք: Մեր զենքը ճշմարտությունն է: Մենք ուզում ենք ճեղքել այս տեղեկատվական շրջափակումը եւ ճշմարտությունը հասցնել ժողովրդին»,- եզրափակեց կուսակցության փոխնախագահը:

Հիշեցնենք, որ Հայ ազգային կոնգրես կուսակցությունը գլխավորում է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: