14 հազար երկրորդ դեղաչափ «Sputnik-V» պատվաստանյութն այս գիշեր հասավ Հայաստան

Մանրամասներ

1

Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակային իրավիճակի կայունացման նպատակով շարունակվում է պատվաստումների գործընթացը, պատվաստանյութերի նոր խմբաքանակների ձեռքբերումն ու ներկրումը։

14 հազար երկրորդ դեղաչափ «Sputnik-V» պատվաստանյութն այս գիշեր հասավ Հայաստան։ Նշենք, որ նույն պատվաստանյութի համապատասխան քանակի առաջին դեղաչափն արդեն իսկ բաշխված է առողջության առաջնային օղակին ու ռիսկի խմբերի քաղաքացիները ստանում են իրենց պատվաստումները։

Հիշեցնենք, որ «Sputnik-V»-ով պատվաստումները նախատեսված են ռիսկի խմբերի անձանց` 18-ից 54 տարեկան բուժաշխատողների, 18-ից 54 տարեկան քրոնիկ հիվանդների, 18-ից 54 տարեկան սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար: Իսկ «AstraZeneca»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում` ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:

Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը: Միաժամանակ, գործում են նաև շարժական պատվաստումային խմբեր հանրային վայրերում. Երևանում` Հյուսիսային պողոտա, «Դալմա Գարդեն» մոլ և «Մեգամոլ» առևտրի կենտրոններ, Գյումրու Վարդանանց հրապարակ, Վանաձորի Հայքի հրապարակ, Դիլիջանի քաղաքապետարանի հարևանությամբ:

Կարող են պատվաստվել նաև Հայաստանում բնակվող օտարերկրյա քաղաքացիները: Պատվաստումներն անվճար են բոլորի համար: