Գագիկ Ծառուկյանն է լինելու երկրի հաջորդ ղեկավարը. պատգամավոր

Մանրամասներ

ա

Մենք պետք է գնանք հաղթելու եւ դա լինելու է: ԲՀԿ-ն ընտրությունների գնալու է միայնակ: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսօր նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ հավելելով, որ վերջին 15 տարիներին ԲՀԿ-ն մշտապես ներկա է եղել խորհրդարանում որպես քաղաքական ուժ, միշտ լինելով երկրորդ ուժը:

«Շատ կարեւոր է, թե դու ընտրությունների ումով ես գնում եւ ինչով ես գնում: Այսինքն ինչ քաղաքական թիմով եւ ինչ ծրագրով: Մենք պետք է գնանք հաղթելու եւ դա լինելու է: Մենք անպայման հաղթելու ենք եւ այդ հաղթելու հանգամանքը չի ենթադրում, որ որեւէ ուժ 50 տոկոս + 1 ձայն ստանալու է: Լինելու է բալանսավորված իշխանություն, բայց նորից հաստատում եմ, որ Գագիկ Ծառուկյանը լինելու է պետության ղեկավար: Այսօր ստեղծվել են նախադրյալներ, որ պետք է իշխանության գա այնպիսի մի քաղաքական ուժի լիդեր, որը երբեւէ իշխանության չի եղել»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք ասվածից կարելի է եզրակացնել, որ ԲՀԿ-ն կոալիցիա է կազմելու այլ ուժերի հետ, բայց պայմանով, որ վարչապետը լինի Գագիկ Ծառուկյանը, ԲՀԿ-ական պատգամավորն ասաց, որ այսօր կոալիցիաների հարց չեն քննարկում. «Կլինի բալանսավորված իշխանություն: Երբ դու հաղթում ես, նոր իրավիճակ է առաջանում, եւ ըստ այդմ որոշում կընդունվի, թե ոնց ենք շարժվում առաջ: Մենք հիմա չենք ասում, թե որ ուժի հետ եւ ինչպես, որովհետեւ դեռ չգիտենք՝ ովքեր են հանդես գալու եւ ինչ տոկոսներ են հավաքելու: Բա եթե մենք հաղթենք, ո՞վ լինի երկրի ղեկավար, եթե ոչ մեր թեկնածուն»: