ՈՒՂԻՂ․ Բախումներ՝ ոստիկանների եւ ցուցարարների միջեւ. Դատախազության դիմաց իրավիճակը լարված է

Հավաքված բազմության միջից ձվեր նետեցին դատախազության շենքի ուղղությամբ

ՀՀ դատախազության դիմաց քիչ առաջ բախումներ սկսվեցին ոստիկանների եւ բողոքի ակցիայի մասնակիցների միջեւ։ Հավաքված բազմության միջից ձվեր նետեցին դատախազության շենքի ուղղությամբ, ինչից հետո ոստիկանները սկսեցին բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին։

Այս պահին իրավիճակը շենքի դիմաց լարված է։

Ակցիայի մասնակիցները պահանջում են ազատ արձակել Սյունիքի մի շարք համայնքապետերի ղեկավարների։ Նրանք պնդում են, որ համայնքի ղեկավարներն ապօրինի են ձերբակալվել։

Հիշեցնենք, որ խիստ գաղտնի պայմաններում Սյունիքի մարզ մեկնած Նիկոլ Փաշինյանին երեկ մարզի տարբեր քաղաքներում բնակիչները դիմավորել էին հայհոյանքներով եւ վիրավորանքերով։ Սյունեցիները պահանջել են՝ հեռանալ մարզից։

Քաջարանցիները փակել էին քաղաք մտնող ճանապարհը, այդպիսով Փաշինյանն ընդհանրապես չէր կարողացել Քաջարան մտնել։ Փաշինյանի հետ մարզ են գնացել մեծ թվով ոստիկաններ, ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատը եւ անվտանգության մեծ թվով աշխատակիցներ։ Փաշինյանը փողոցներով քայլում է մեծ թվով անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ քրեական գործ է հարուցվել եւ բերման են ենթարկվել մի շարք քաղաքացիներ, այդ թվում Մեղրի համայնքի ղեկավարը: