Բենզինը թանկացել է նաև Ստեփանակերտում

Մանրամասներ
բենզին

ա

Մարտի 15-ի դրությամբ Ստեփանակերտի իրացման կետերում կրկին արձանագրվել է բենզինի և դիզվառելիքի միջին գների աճ՝ 20-30 դրամի չափով: Այս մասին տեղեկացնում է Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի հրապարակած տեղեկագրից:

Մասնավորապես՝ ռեգուլյար տեսակի բենզինի 1 լիտրի միջին գինը մարտի 8-ի՝ 430 դրամի փոխարեն, մարտի 15-ին կազմել է 450 դրամ, իսկ դիզվառելիքի 1 լիտրի միջին գինը 420 դրամից աճել է 450 դրամի:

Ստեփանակերտի 20 առևտրային օբյեկտներում Տնտեսական մրցակցության պաշտպանության բաժնի աշխատակիցների դիտանցման արդյունքում՝ արձանագրվել է նաև շաքարավազի միջին գների աճ, որի 1 կիլոգրամը  մարտի 15-ի դրությամբ կազմել է 399 դրամ՝ 394 դրամի փոխարեն:

Նախորդ դիտանցման համեմատ առաջին անհրաժեշտության սննդային ապրանքատեսակներից աճել է նաև՝ ձավարի միջին գինը՝ 1 կգ-ն 332 դրամ՝ 303 դրամի փոխարեն, տեղական արտադրության «Ոսկե կաթիլ» ձեթը  988 դրամ՝918 դրամի փոխարեն: Նվազել է հնդկաձավարի գինը՝ կազմելով 647 դրամ՝ 652 դրամի փոխարեն: