Երբ Նիկոլ Փաշինյանի դիրքերն ուժեղանում են, մոռանում է իր ասածները և կատարում է այլ քայլեր

Պահեստազորի գնդապետ, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյան․ Մանրամասներ

Զինված ուժերի գլխավոր շտաբի և Նիկոլ Փաշինյանի ու իր վարչակազմի միջև հարաբերությունների ճգնաժամը, առճակատումը հանգուցալված չէ, Նիկոլ Փաշինյանին դեռ չի հաջողվել զավթել զինվորական իշխանությունը։ Այս մասին Tert.m-ի հետ զրույցում ասաց պահեստազորի գնդապետ, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։

«Օրվա իշխանությունը սահմանադրական կարգի տապալմամբ իշխանությունը բռնազավթել է դեռ 2018-ին, բայց ԳՇ-ն զավթել դեռ չի հաջողվել, փոխվել է միայն այն, որ ԳՇ պետի պարտականությունները ժամանակավորապես կատարում է ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը։ Գիտենք, որ Օնիկ Գասպարյանն էլ դիմել է վարչական դատարան՝ վերահաստատելով նաև ԳՇ հայտնի հայտարարությունը, միայն թե այս անգամ խոսել է նաև արտահերթ ընտրությունների մասին, որից հետո էլ ԶՈՒ հրամկազմը հայտարարել է, որ միանում է գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հայտարարությանը և հաստատում Հանրապետությունում առկա վիճակի վերաբերյալ մինչ այս տրված գնահատականները, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հնչեցրած հորդորը Զինված ուժերը ղեկավարման է վերցրել որպես հանձնարարական, ինչը նշանակում է, որ  հետ չեն կանգնել»,-ասաց նա։

Հայկ Նահապետյանի խոսքով՝ որքան էլ Նիկոլ Փաշինյանը բեմականացումներ իրականացրեց, ակնհայտ է, որ ԳՇ-ի նկատմամբ իր վախերը չի հաղթահարել։

Փոխգնդապետը կարծում է, որ երբ ճգնաժամային վիճակ է առաջանում կամ դրա նախադրյալները կան, լիցքաթափելու համար Փաշինյանի կողմից խայծ է տրվում, թե` արտահերթ ընտրությունների պատրաստվեք, երբ Նիկոլ Փաշինյանի դիրքերն ուժեղանում են, մոռանում է իր ասածները և կատարում է այլ քայլեր:

«Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը տվել է հրաժարական տալու համաձայնություն թե՛ Արմեն Սարգսյանին, թե՛ միջնորդավորված Օնիկ Գասպարյանին։ Ենթադրում եմ, որ ԱԺ ԲՀԿ և ԼՀԿ խմբակցությունների հետ կա պայմանավորվածություն, որ իրենք թեկնածու չեն առաջադրելու, 2 անգամ նոր վարչապետ չի ընտրվում, ինքը մնում է պաշտոնակատար։ Եթե, իհարկե, Փաշինյան Նիկոլը հետքայլ չանի, ապա կարծում եմ, որ այս մասին կհայտարարեն։ Կարծում եմ ՝ նախագահի հետ հենց սա են քննարկել։ Պիտի ասեմ՝ ցանկացած ընտրություն կեղծվելու է այն պայմաններում, երբ վարչական ռեսուրսները կշարունակեն կենտրոնացած մնալ Փաշինյանի և իր թիմի ձեռքում։ Արդյունքը լինելու այն, որ երկիրը կապիտուլյացիայի հասցրած Փաշինյան Նիկոլը հերթական անգամ կարձանագրի, որ հայ ժողովրդին կարելի է ստիպել նվաստացնել, խաբել և հաղթել»,ասաց նա։

Հայկ Նահապետյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը հանցագործ խմբի պարագլուխ է, ինչը նշանակում է, որ նրան պիտի զինաթափեն։