САМОСУД չպետք է լինի. դատարանում ժողովուրդը պետք է ստանա բոլոր հարցերի պատասխանները

Ո՞ւմ հրամանով և ի՞նչ պայմաններում է կայացել 2020թ. հոկտեմբերի 4-ի ճակատագրական օպերացիան. ՊՆ նախկին փոխնախարար

ա

Հայաստան պետությունը 26 տարի կառուցվել ու կայացել է. Կառուցվել է այնքա՛ն ինստիտուցիոնալ ու հիմնավոր, որ պետությանը դավաճանած իշխանություններին դեռեւս պաշտպանում են դիպուկահարներն ու ոստիկանական հատուկ ուժերը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Եթե կարծում եք, թե այդ դիպուկահարներն ու ոստիկանները իրենց “պաշտպանյալին” չեն կասկածում դավաճանության մեջ, ապա սխալվում եք: Վստահ եմ, որ նրանց անձնական տեսակետները շատ չեն տարբերվում հասարակության մեծամասնության տեսակետներից: Չեմ կարծում, որ ՀՀ ուժային կառույցներում կա թեկուզ մեկ ծառայող, որը պատրաստ է կրակել դավաճանությունը չհանդուրժող խաղաղ ժողովրդի վրա:

Իսկ դավճանության մեջ առերեւույթ կասկածվողի անվտանգությունը պահպանելը ճիշտ է՝ պետականության տեսանկյունից: Այլապես չբացահայտված եւ մութ կմնա հայ Ազգի դեմ գործած՝ պատմական ամենածանր հանցագործություններից մեկի պատճառներն ու շարժառիթները: САМОСУД չպետք է լինի, եւ դատարանում մեր ժողովուրդը պետք է ստանա բոլոր հարցերի պատասխանները:

Մասնավորապես.

Ա) ո՞վ, ինչո՞ւ եւ ինչպե՞ս է ձախողել ռազմական դրության պայմաններով նախատեսված պաշտպանական անհրաժեշտ միջոցառումները:

Բ) ու՞մ հրամանով եւ ի՞նչ պայմաններում է կայացել 2020թ. հոկտեմբերի 4-ի ճակատագրական օպերացիան, որից հետո Արցախի հարավային թեւում, այլեւս չվերականգնվեցին ռազմաճակատի պաշտպանական բնագծերը: Արդյունքում հակառակորդը գրավեց Հադրութը, Շուշին, Ասկերանի եւ Մարտունու մի շարք բնակավայրեր:

Գ) ի՞նչ թեմաներով եւ ի՞նչ խողովակներով են ուղիղ բանակցություններ (տեղեկատվության փոխանցում) ընթացել կասկածյալ դավաճանի եւ հակառակորդ պետության ղեկավարի միջեւ, եւ ինչո՞ւ հնարավոր չի եղել կանխել պատերազմը՝ քաղաքական միջոցներով:

Դ) ու՞մ հետ (պետական ո՞ր կառույցի, կամ պաշտոնյաների) է խորհրդակցել կասկածյալ դավաճանը՝ 2020թ. հոկտեմբերի 19-ին պատերազմը կանգնեցնելու վերաբերյալ ՌԴ նախագահի առաջարկի շուրջ:

Ե) ո՞ւմ հետ է խորհրդակցել եւ համաձայնեցրել կասկածյալ դավաճանը՝ 2020թ. նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարության նախագծի տակ ստորագրելուց առաջ: Ի՞նչ ձեւաչափով են քննարկվել այդ հայտարարության կետերը ՀՀ քաղաքական ղեկավարության հետ (եթե քննարկվել են):

Զ) ինչո՞ւ եւ ի՞նչ իրական նպատակներով է 2020թ. հոկտեմբերի 4-ից հետո համահայկական տեղեկատվական շտաբը կեղծել ռազմաճակատում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը եւ ումի՞ց է ստացել ամենօրյա հանձնարարականները:

Է) ինչի՞ դիմաց եւ ի՞նչ պայմանավորվածություներ են եղել հակառակորդ պետության ղեկավարի հետ, որի արդյունքում 2018թ. սեպտեմբերից 2019թ. հունիս ամիսների ընթացքում, հակառակորդը թուլացրել է սահմանային լարվածությունը՝ էականորեն նվազեցնելով հրադադարի ռեժիմի խախտման քանակները:

Ը) ե՞րբ եւ ո՞ր կառույցներն են զեկուցել կասկածյալ դավաճանին, Սիրիայից, Թուրքիայից եւ այլ երկրներից վարձկան ծայրահեղական ահաբեկիչների՝ Արցախի դեմ պատերազմելու հավանական շարժի վերաբերյալ: Արդյունքում ի՞նչ կանխարգելիչ քայլեր է ձեռնարկել կասկածյալ դավաճանը:

Թ) ինչո՞ւ են պետական եւ տարածքային կառավարման մարմիները ձախողել զորահավաքային եւ զորքերի համալրման հաստատված ծրագրերը:

Ժ) ո՞ր ուժային կենտրոնների դրդմամբ են քրեական շինծու գործեր սարքել եւ կեղծ հակաքարոզչություն տարել արցախյան շարժման եւ պատերազմի գրեթե բոլոր նախկին ու ներկա հրամանատարների դեմ: