Որքա՞ն կարելի է «մերժել Սերժին», խնդրում եմ, անկարողությունը թավիշ չհամարել

Իրավիճակ

ա

Որքան կարելի է «մերժել Սերժին»: Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը. «2018 թվականից ողջ ազգը կանգնեց ու մերժեց, հիմա 2021 թվականն է, շարունակում ենք մերժել: Որքա՞ն: Որքա՞ն պետք է չհասկանանք, որ մերժելուց հետո գոյություն ունի իշխանություն»:

Հովսեփյանի խոսքերով, երկրում կա ընդդիմություն ու էլի ընդդիմություն, իշխանություն գոյություն չունի. «Մեկը մեկին են մերժում: Այն, որ ընդդիմությունը քննադատում է, նորմալ է, բնական է: Այն, որ իշխանությունն է անընդհատ քննադատում, չեմ հասկանում: Դրա փոխարեն պետք է լիներ աշխատանք ու գործ: Եթե այդքան էներգիա ներդրվեր միայն գործ անելու համար, ընդդիմության քննադատությունն էլ կփոքրանար»:

«Բացի ընդդիմությունից ու իշխանությունից, կան մարդիկ, ովքեր ոչ մի կողմում չեն: Ի՞նչ անեն այդ մարդիկ, նստեն նայեն, թե ինչպես են իրար ինչ ասես՝ ասում: Իսկ ողջախոհության քայլերը նախ պետք է անի իշխանությունը՝ համախմբելով մարդկանց, հնչեցնելով ողջախոհության կոչեր: Այսօր մեր ազգը պառակտված է, ընտանիքներ են բաժանվում, ըտանիքի մի մասը Բաղրամյանում է, մյուս մասը՝ հրապարակում: Խնդրում եմ, եկեք համախմբենք մարդկանց: Մենք այլևս ազգակործանման ճանապարհն ենք բռնել:

Դավաճաններ կա՞ն, ո՞ւր է օրենքը, 3 տարի սպասում եմ, իսկ ո՞ւր է համապատասխան պատիժը: Եթե չենք կարող, խնդրում եմ անընդհատ չասենք «վերջ թավիշին»: Խնդրում եմ, անկարողությունը թավիշ չհամարել»,-ասաց նա: