Ոնց ուզում ես՝ արա, դրանք պետք է նստեն. դատավորին «ֆեյքի գործով» ձերբակալվածներին նստացնելու պատվեր է իջեցվել. Վահագն Վարագյան

Մանրամասներ

1

«Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քիչ առաջ ընկերներիս հետ սրճարանում էի: Մի մարդ, իրար խառնված, հեռախոսով վիճաբանում էր այնպես, որ հնարավոր չէր չլսել, թե ինչ է խոսում: Ողջ սրճարանն էր լսում, թե ինչպես է հեռախոսի մեջ գոռում «ինչ կապ ունի, թե անչափահաս երեխաներ ունեն և օրենքով նրանց ազատազրկել չի կարելի, ԱԱԾ տնօրենին են հայհոյել, պետք է նստեն, ոնց ուզում ես՝ արա, դրանք պետք է նստեն»: Կողքի սեղանից ծանոթներս ասացին, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Մկրտչյան Արթուրն է:

Համացանցում գտա նաև լուսանկարը: Եվ, քանի որ զուգադիպությունների չեմ հավատում, կարելի է ենթադրել, որ խոսքը վերաբերվում էր հայտնի ֆեյքի գործով ձերբակալված 4 անձանց ամեն գնով նստացնելուն: Կարելի է առնվազն ենթադրել, որ դատարանի նախագահը դատավորին փորձում էր պատվեր իջեցնել՝ ամեն գնով նստացնելու պատվեր: Եվ սա ևս մեկ լրացուցիչ փաստարկ է, որ հանրությանը քաջածանոթ Արա Սաղաթելյանն ու Կարեն Բեքարյանը քաղբանտարկյալներ են»:

Վահագն Վարագյանի գրառմանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է փաստաբան Բենիկ Գալստյանը՝ գրելով.

«Չեմ ճանաչում այս անձին, սակայն պետք է փաստեմ, որ այժմ սպասում եմ Դատարանի կողմից իմ պաշտպանյալ Արամ Սարգսյանի կալանավորման միջնորդության վերաբերյալ որոշմանը։

Պաշտպանյալս ունի երեք անչափահաս երեխա։

Հուսով եմ, որ սա պատահականություն է։

Ամեն դեպքում վստահեցնում եմ բոլորիդ, որ մինչև վերջ գնալու եմ սույն գործով ամեն տեսակի խախտման ետևից»: