Իրավաբան-գիտնականները պահանջում են գլխավոր դատախազից՝ կասեցնել Փաշինյանի լիազորությունները. Պետական դավաճանությունը շարունակվում է

Մանրամասներ

ա

Պետական դավաճանությունը շարունակվում է՝ անգամ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո, որը կանխելու համար իրավաբան- գիտնականները պահանջում են գլխավոր դատախազից՝ քրեական գործի շրջանակներում ժամանակավորապես կասեցնել Նիկոլ Փաշինյանի լիազորությունների կատարումը մինչեւ քրեական գործի ավարտը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Ղազինյանը։

Իրավական համայնքը կարծում է, որ դավաճանությունն իր կուլմինացիային հասավ Սյունիքի շուրջ իրադարձությունների ժամանակ եւ շատ լուրջ հիմքեր կան կասկածելու, որ այս գործընթացը շարունակվելու է Գեղարքունիքում և Տավուշում։ Գագիկ Ղազինյանը նշել է՝ հանցագործությունը շարունակվում է և կարող է ոչ պակաս վտանգ ներկայացնել՝ մեր երկրի, պետականության, տարածքային ամբողջականության համար, ուստի գիտնական-իրավաբանները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել՝ արդեն այդ շարունակվող հանցագործությունը կասեցնելու իմաստով։ Այսինքն՝ եթե նախորդ սուբյեկտները ներկայացրել էին պատերազմի ժամանակ կատարված հանցագործությունը որպես պետական դավաճանություն որակելու, գործ հարուցելու, քննելու վերաբերյալ, ապա այժմ խոսքը գնում է այն խափանելու մասին։

Գիտնականների կողմից ներկայացված հաղորդմամբ բարձրաձայնվել է կառավարության և այն պաշտոնատար անձանց շտապ ձերբակալելու հարցը, որոնք շարունակում են պետական հանցագործության իրականացման գործընթացը, որից հետո արդեն համապատասխան ընթացակարգով պետք է որպես մեղադրյալ ներգրավել, ընտրել հարկադրանքի միջոց պաշտոնավարման ժամանակավոր դադարեցում։

«Գլխավոր նպատակը այդ հանցագործությունը շարունակողներին լծակներից զրկելն էր, իշխանությունից հեռացնելը, որ կասեցվեր, կանխվեր այդ հանցագործության շարունակությունները»,- նշեց Ղազինյանը։

Իրավաբան գիտնականներն այս գործընթացներում ներգրավվելու որոշում կայացրել են ՝ ՌԴ նախագահի հայտարարությունից հետո, երբ վերջինս նշել էր, որ եռակողմ հայտարարության հիմնական նպատակն արյունահեղությունը կասեցնելն էր, ինչն իր դերը խաղաց և նշել, որ սահմանային վեճերի հետ որևէ առնչություն չունեն, այսինքն՝ սահմանների ճշգրտման գործում Ռուսաստանը որևէ առնչություն չի ունեցել, բացի դա՝ Նիկոլ Փաշինյանը ևս խոստովանել է, որ սահմանները ճշգրտվում են Ալիևի հետ բանավոր փոխադարձ պայմանավորվածությունների հիման վրա։

«Պարզվեց, որ մենք ճիշտ էինք, երբ կանխատեսում էինք, որ, եթե չկա իրավական հիմք, չկա հայտարարության մեջ որևէ նման կետ, դա ենթադրում էր, որ բացի առաջին երկու կետից մնացածը պետք է իրավական ձևակերպում ստանային»,- նշել է նա։

Հանցագործության մասին հաղորդումը գլխավոր դատախազությունն ուղարկել է ՀՔԾ, ինչի մասին գրավոր տեղեկացրել է նաեւ դիմումատուներին։ Ղազինյանը նշել է, որ ստացել են դատախազի կողմից ՀՔԾ քննիչին ուղղված գրության կրկնօրինակը՝ նյութերը քրեական գործին կցելու վերաբերյալ, ընդ որում, ինչպես նշեց պրոֆեսորը, գրության պատճենն ուղղված էր ֆակուլտետին, մինչդեռ՝ հաղորդման հեղինակը եղել են տարբեր անձինք, այլ ոչ թե՝ ֆակուլտետը։

Մանրամասները՝ տեսանյութում