«Գռզո պլազան» ապօրինի տնօրինում է հանրային տարածքը. Hetq.am

Իրավիճակ

1

Խաչատուր Սուքիասյանին պատկանող կազմակերպությունն ապօրինի կերպով տնօրինում է հանրային տարածքն, իսկ վերջինիս աշխատակիցներն էլ ագրեսիվ վարք են ցուցաբերում հարակից վայրերում կայանող քաղաքացիների նկատմամբ: Այս մասին տեղեկացնում են Hetq.am-ի լրագրողները.

«Աբովյան-Արամի խաչմերուկում է գտնվում «Սիլ պլազա» առևտրի կենտրոնը, որի հարևանությամբ՝ Արամի փողոցի վրա, շենքի աշխատակցիները տեղադրում են երկաթե կոնստրուկցիաներ, որոնցով փակում են փողոցը՝ որպես սեփական օգտագործման ավտոկայանատեղի (տես գլխավոր լուսանկարում)։

Հունվարի 26-ի երեկոյան փորձեցի մեքենան կայանել նշված հատվածում։ Մեքենայում երկու հոգով էինք։ «Հայէկոնոմբանկից» դուրս եկան երկու տղամարդ և պահանջեցին այդտեղ չկայանել, քանի որ «շենքի տերն ա գալու կանգնի»։ Փորձեցինք ճշտել, թե ով է «շենքի տերը»։ Արամի 3 հասցեում գտնվող շենքը սեփականության իրավունքով պատկանում է «Գռզո պլազա» ՍՊԸ-ին, որի բաժնետերերը գործարար, նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի անդամներն են։

«Գռզո պլազան» սեփականաշնորհել է շենքը, բայց չէր կարող սեփականաշնորհել դրան հարակից Արամի փողոցը, հետևապես պահանջեցինք, որ բանկից դուրս եկած տղամարդիկ հեռացնեն երկաթե կոնստրուկցիան, որ կայանենք։ Տղամարդիկ վեճի բռնվեցին մեզ հետ՝ գոռալով, թե քշեք մեքենան այդտեղից։ Ուղեկիցս, նկատելով, որ «Սիլ պլազայի» աշխատակիցներն ագրեսիվ են, հեռախոսով փորձում էր նկարահանել։ Լուսանկարի ձախ կողմում երևացող տղամարդը խլեց նրա հեռախոսը, այնուհետև, բարձրացված աղմուկից հետո վերադարձրեց այն։ Ի վերջո կայանեցինք մեքենան և զանգահարեցինք ոստիկանություն՝ հույս ունենալով, որ կօգնեն պարզել, թե ինչպես է հանրային տարածքը վերածվել «շենքի տիրոջ» ավտոկայանատեղու։

Մինչ սպասում էինք ոստիկանության ժամանմանը՝ նշված տղամարդիկ արագ հավաքեցին այդտեղ շարված 5-7 երկաթե կոնստրուկցիաները և թաքցրեցին դրանք։ «Կենտրոն» համայնքային ոստիկանության երկու աշխատակիցներ ժամանեցին, հայտնեցին, որ եթե «բողոք ունենք» անվտանգության աշխատակիցների դեմ, պետք է գնանք ոստիկանության բաժանմունք և դիմում գրենք։

Մենք բողոք ունեինք ոչ թե անվտանգության աշխատակիցների, այլ այն երևույթի դեմ, որ «շենքի տերը» տիրացել է նաև փողոցի մի հատվածին։ Ոստիկանները հայտնեցին, որ հանրային տարածքի ապօրինի շահագործումը կանխելն իրենց գործառույթների մեջ չի մտնում, պետք է դիմել քաղաքապետարան։

Գրավոր հարցում արեցինք Երևանի քաղաքապետարան՝ պարզելու, թե արդյոք «Սիլ պլազայի»՝ Արամի փողոցին հարող հատվածը վարձակալական հիմունքներով հանձնված է որևէ ընկերության կամ անհատի։ Քաղաքապետարանից պատասխանեցին, որ նշված հատվածը վարձակալական հիմունքներով չի հատկացվել որևէ իրավաբանական կամ ֆիզիկական անձի: Հետևաբար, չկա նաև այդ մասին Երևանի ավագանու համապատասխան որոշում: Քաղաքապետարանը հղում արեց նաև օրենքի այն դրույթներին, ըստ որոնց՝ նշված տարածքում երկաթե կոնստրուկցիաներ տեղադրելն ապօրինի է։

Քաղաքային իշխանությունը նշել է նաև, որ վարչարարություն իրականացնել չի կարող, քանի որ այդ գործառույթը վերապահված է ՀՀ ոստիկանությանը։ Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Խաչատուր Սուքիասյանին կամ նրա ընտանիքին պատկանող շենքերի անվտանգության աշխատակիցները ագրեսիվ վարք են ցուցաբերում հարակից վայրերում կայանող քաղաքացիների նկատմամբ։ Հիշեցնենք, որ 2019-ին տաքսու վարորդը հայտնել էր ոստիկանությանը, որ «Ռոսիա մոլի» անվտանգության աշխատակիցներն իրեն ծեծել են՝ մեքենան իրենց ոչ հարմար վայրում կայանելու համար։ Ինչպես վերոնշյալ դեպքում, այնպես էլ մեր պարագայում, մեր ահազանգից հետո «Կենտրոն» համայնքային ոստիկանության լեյտենանտ Արկադի Նավասարդյանը զանգահարեց ու առաջարկեց, որ մենք մոտենանք բաժին։ Ասացինք, որ մենք ոստիկանական բաժանմունք չենք գնալու։ «Եթե պետք եղավ, ասում եմ՝ կգաք»,- վերծանում եմ նրա պատասխանը։

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ:

ա