Այո, Իմ Ոչխար եղբայր, բարի գալուստ իրականություն. Էշն ու Ոչխարը  տապանում

Դե, Ոչխար եղբայր, ինչ-որ ուշ ես հասկանում, չեմ զարմանում. ինձ պատահած բոլոր Ոչխարները ուշ հասկացողներն են
Live24.am-ը ներկայացնում է

ա

Էշն ու Ոչխարը տապանում

-Այո, Իմ Ոչխար եղբայր, բարի գալուստ իրականություն, հիմա, այս Տապանի մեջ ամեն ինչ իր տեղն ընկավ, եւ բոլորը հասկացան իրենց իրական ով կամ ինչ լինելը։

-Ե՞վ, ուզում ես ասել, դու Էշ չես բայց հասկացար, որ Է՞շ ես։

-Չէ, ուզում եմ ասել, որ ես Էշ էի, բայց չգիտեի, որ Էշ եմ, ինձ Հովազի տեղ էի դրել։ Սրան-նրան հովազավարի հոշոտելով երկար եմ ապրել։

-Իսկ ինչ կատարվեց, որ համակերպվեցիր քո Էշ լինելուն։

-Ջրհեղեղը եկավ, մենք քցվեցինք այս տապանի մեջ, որտեղ չկան հայելիներ, չկան համակարգիչներ եւ չկան թերթեր ու կայքեր։ Այստեղ բոլորս մնացինք մեր կուսական-նախնական վիճակների մեջ, իսկ մեր նախնական վիճակը հենց այն է, ինչ ենք այսօր, այստեղ , այս պահին։

Չեմ թաքցնում, ահավոր մոլորվել էի, չէի ընկալում Էշի ասածները, ինձ թվում էր նա առակներով է խոսում, կամ խելքը թռցրել է;

Ուզում էի անուշադրության մատնել եւ հեռանալ, հարգելով նրա խելագարվելու իրավունքը, բայց Էշը ամուր բռնեց ինձ եւ արդեն շատ սառնասիրտ եւ հանգիստ տոնով ասաց․

-Դե, Ոչխար եղբայր, ինչ-որ ուշ ես հասկանում, չեմ զարմանում։ Ինձ պատահած բոլոր Ոչխարները ուշ հասկացողներն են, ուրեմն, խնդրում եմ ուղղիր գլխիս տակի խոտը ,ուզում եմ քնել եւ դու էլ գնա մի տեղ փռվիր ու քնիր, կհանգստանաս եւ ամեն ինչ ավելի ճիշտ կընկալես, հուսամ՝ կհասկանաս։

Ուզում էի էշի դնչին մի հատ լավ հասցնել, այդ պահին եկավ Անգղը, օդի մեջ բռնեց ձեռքս եւ ասաց․

-Լսիր, գնա եւ խոտդ կեր, այստեղ քո ոչխարային մկկոցները ոչ մեկին չեն հետաքրքրում, գնա, կորի, խոտդ կեր, ոչխարի ծնունդ։

Սկսեցի վախենալ։

Հ․Գ․Մի անտիպ գրքիցս, որը, երեւի այլեւս չեմ էլ տպագրի, քանի որ Արցախը կորցնելուց, հազարավոր զոհերից եւ այս սոդոմ-գոմորի մեջ հայտնվելուց ի վեր , մեր բոլորի կյանքը եւ մտքերը մնացին անցյալում․․․

Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից