Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հրաժարական է տվել, նա Երևան է տեղափոխվում

Կադրային

գարիկ

Yerevan.Today -ին փոխանցված տեղեկության համաձայն, այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։ Սա, ըստ աղբյուրի` կառավարության կոսմետիկ փոփոխությունների համատեքստում է արվել։ Գարիկ Սարգսյանը տեղափոխվում է Երեւան, ավելի ստույգ` Տարածքային կառավարման նախարարություն։

Հայտնի է նաեւ Գարիկ Սարգսյանին փոխարինող անձի անունը, նա «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սեդրակ Թեւոնյանի հայրն է` կոնյակագործ Ռազմիկ Թեւոնյանը, ով իննսունականներին սպարապետ Վազգեն Սարգսյանի շքի տակ գործունեություն էր ծավալում եւ վերջինիս հովանավորչությամբ կարողացավ դառնալ խմիչքի գործարանատեր։

Հետագայում ի դեպ, ՀՀԿ–ի իշխանության օրոք, պարոն Թեւոնյանը փայլուն հարաբերություններ էր կառուցել այն ժամանակվա վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ։

Խորհրդանշական է այն, որ Նիկոլ Փաշինյանն այս կադրային ռակիրովկաներն անում է այն ժամանակ, երբ իր հետ ընդիմությունը վերջնագրի լեզվով է խոսել։

Կառավարությունից Yerevan.Today-ի հարցադրումներին պատասխանող չեղավ, իսկ Ռազմիկ Թեւանյանն իր նշանաման մասին լուրը չհերքեց Yerevan.Today-ի հետ զրույցում, սկզբում կմկմալով ասաց, թե՝ ես հիմա չգիտեմ ինչ է լինելու, հետո էլ, թե բա՝ զբաղված եմ, չեմ կարող խոսել։ Ի դեպ, Ռազմիկ Թեւոնյանը երեկ իր նշանակման առիթով արդեն հանդիպումներ է ունեցել իշխանական շրջանակների հետ։ Ակնհայտ է, որ իշխանության կողմից առաջարկներին բավականին դժվար են համաձայնվում, հաշվի առնելով համատարած դժգոհությունը եւ կառավարության մոտալուտ հրաժարականը՝ վարչապետի գլխավորությամբ։