Անգելա Մերկելից Բունդեսթագի պատգամավորները պահանջել են պատժամիջոցներ սահմանել Ալիևի դեմ

Հայտարարություն

ԳԴՀ Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս միջխորհրդարանական բարեկամական խմբի փոխնախագահներ Թիլ Մանսմանը (Ազատ դեմոկրատներ) և Ալբերտ Վայլերը (ՔԴՄ) բաց նամակով դիմել են ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելին:

Նրանք դաշնային կանցլեր Անգելա Մերկելին կոչ են արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևի, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքական այլ պատասխանատուների դեմ:

«Մենք վկայակոչում ենք Ադրբեջանի կողմից մարդասիրական իրավունքի աղաղակող խախտումները, որը հանգեցրել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի:

Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը՝ հոկտեմբերի վերջին գերմանական հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է, որ իր կողմից սանձազերծված պատերազմի նպատակը Լեռնային Ղարաբաղի հայերին տեղահանելն է:

Սա էթնիկ զտում է, ինչը որպես ռազմական հանցագործություն պետք է դատապարտել:

Միևնույն ժամանակ, ԼՂ-ի քաղաքացիական բնակչության դեմ օգտագործվել են արգելված կասետային ռումբեր, ցուցադրաբար ներկայացվել են հայ ռազմագերիների գնդակահարման և գլխատման տեսանյութեր:

Սիրիական ծայրահեղական վարձկաններին յուրաքանչյուր գլխատված հայի համար խոստացվել է հարյուրական դոլար:

Որպես պատժամիջոցներ պետք է կիրառվեն հաշվեհամարների սառեցումը, ԵՄ մուտքի արգելքը, եվրոպական ավիաընկերություններից օգտվելու արգելքը, ինչպես նաև գերմանական և եվրոպական բանկերի հետ գործարքների խզումը»,-ասված է պատգամավորների տարածած հաղորդագրության մեջ:

մերկել