ԼՂ պատերազմը փրկօղակ է Ալիևի համար․ բայց այն կարող է վերջ դնել նրա ռեժիմին

National Intertest․ Մանրամասներ

Լեռնային Ղարաբաղի պատերազմը հայերի համար դարավոր մաքառումներից, բռնի տեղահանումներից և կոտորածներից հետո գոյատևման համար մղվող պայքար է, National Intertest թերթում հրապարակված հոդվածում գրում է Ալեքսեյ Ասիրյանը` նշելով, որ այս պատերազմն անմիջական վտանգ է ներկայացնում նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Բաքվի իշխանական վերնախավի համար։

Նրա խոսքով՝ Ալիևի երկար կառավարումը մեծապես հենվում է նավթային դիվանագիտության, կոռուպցիայի, ռազմական հզորության ավելացման և հակահայկական հռետորաբանության վրա և ի տարբերություն իր հոր՝ Հեյդար Ալիևի, որը հաճախ էր Երևանի հետ հաշտեցման կոչ անում, Հայաստանի հանդեպ Իլհամ Ալիևի վերաբերմունքը միշտ ռազմատենչ է եղել։

Հոդվածագիրը նշում է, որ Լեռնային Ղարաբաղի պատերազմն ինչպես երկու ժողովուրդների բազմամյա դիմակայության հետևանք է, այնպես էլ Ալիևի մեծապետական քաղաքականության, իշխանությունը ամրապնդելու և Ադրբեջանում իր ժառանգությունը հավերժացնելու ձգտումն է։ Սակայն Ալիևը կարող է դառնալ իր ստեղծած իրավիճակի գերին։

«Առաջին հայացքից կարող է թվալ, թե պատերազմն արդեն քաղաքական դիվիդենտներ է բերում Ալիևին։ Ադրբեջանի ռազմական հաջողությունների ու ԼՂ-ն վերադարձնելու Ալիևի խոստումները պատերազմի շուրջ հասարակական խանդավառություն են առաջացրել։ Հանրային էյֆորիայի զանգվածային պոռթկումը և տեղեկատվության գրեթե լիակատար վերահսկողությունը թույլ են տվել ռեժիմին էլ ավելի մեկուսացնել կառավարության քննադատներին»,- գրում է հոդվածագիրը։

Ասիրյանը նշում է, որ Ադրբեջանի սոցիալական ցանցերում սահմանափակումներն ու ռազմական կորուստների շուրջ գաղտնիությունն Ալիևին թույլ են տվել հասարակության համար պատերազմի մասին պատմություններ հյուսել։ Սակայն շարունակվող բախումներում բարձրաստիճան սպաների զոհվելու մասին հաղորդագրությունները, զոհվածների թվի անխուսափելի աճը կարող է հասարակական խանդավառությունը զայրույթի վերածվել։

«Պատերազմը փրկօղակ է Ալիևի կառավարման համար, բայց նույն պատերազմը կարող է վերջ դնել նրա ռեժիմին։ Ալիևի համար տրամաբանական կլիներ հիմա դադարեցնել պատերազմը, որպեսզի Լեռնային Ղարաբաղի շուրջ որոշ շրջաններ պահպանվեն և Բաքուն ավելի մեծ ազդեցություն ունենար Հայաստանի հետ ապագա բանակցությունների վրա։ Բայց պրագմատիզմն ու ավտորիտարիզմը միշտ չէ, որ համադրելի են»,- եզրափակում է հոդվածի հեղինակը։