Եթե ուզում են իրական զինադադար, պետք է ճնշում գործադրել Էրդողանի վրա. քաղաքագետ

Եթե մինչև Ժնևի հանդիպումը հրադադարը չպահպանվի, և պատերազմական գործողությունները շարունակվեն, ապա այդ հանդիպումից որոշակի ակնկալիք դժվար թե պետք է ունենալ

քեռյան

Եթե հրադադարի ռեժիմը ամբողջությամբ խախտվեց, որը խիստ հավանական էր, հետևանք է այն բանի, որ առայժմ երեք հրադադարի համաձայնությունները կայանում են առանց հրադադարի պահպանման մեխանիզմի ճշտման: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գարիկ Քեռյանը՝ անդրադառնալով հումանիտար հրադադարի ռեժիմի երրորդ պայմանավորվածությանը:

Քաղաքագետն ընդգծեց, որ թեև երկկողմանի հայտարարություններ են եղել հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ, բայց վաղ է խոսել, որ հրադադարը մասշտաբային՝ ամբողջ ճակատով չի պահպանվում, և երեկոյան հնարավոր կլինի գրանցել՝ ինչ խախտումներ են տեղի ունեցել: «Ամեն դեպքում ՀՀ վարչապետը, ԱՀ նախագահը հայտարարել են, որ մենք հավատարիմ ենք հրադադարը պահպանելու ռեժիմին»,-նշեց նա:

Քեռյանի դիտարկմամբ՝ քանի դեռ չի ճշտվել այն մեխանիզմը, որով պետք է արձանագրվի՝ որ կողմն է պահպանում հրադադարը, որը՝ խախտում, ոչ մի հրադադար էլ չի լինի:

«Հրադադարի հաստատման տարբեր մեխանիզմներ կան, բայց, ցավոք, ո՛չ ՌԴ-ն, ո՛չ ֆրանսիան, ո՛չ ԱՄՆ-ն չեն գնում այդ քայլին: Այդ մասին ժամանակին հայտարարություն արեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ նշելով, որ պետք է եթե ոչ խաղաղապահներ, ապա ռազմական դիտորդներ լինեն, որոնք որոշեն՝ ով է խախտում հրադադարը, իսկ հրադադարի առավել հուսալի մեխանիզմը պետք է լինի կողմերի միջև ապառազմականացված գոտու ստեղծումը՝ առնվազն 4 կմ հեռավորությամբ: Եթե այս մեխանիզմները չեն կիրառվում, բնականաբար, զինադադարի մասին հայտարարություններով խոսելը համարում եմ շատ փխրուն իրողություն: Պատմության փորձը ցույց է տվել, որ տաք պատերազմներում նման հեշտ հայտարարություններով զինադադարի հաստատումը միշտ էլ փխրուն է»,-ասաց Քեռյանը:

Վերջինս ընդգծեց՝ պարզ է, որ Ադրբեջանին դրդում և ոգևորում է Թուրքիան, հիմա էլ, եթե Ադրբեջանը չի դադարեցնում ռազմական գործողությունները, ուրեմն՝ Թուրքիայի «մատը խառն» է:

«Դրա համար կարծում եմ՝ պետք է ոչ թե հայտարարություններ անել, այլ երեք պետությունները՝ ֆրանսիան, ՌԴ-ն, ԱՄՆ-ն պետք է շատ կոշտ ճնշում գործադրեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վրա, չնայած՝ նա արդեն անկանխատեսելի անձնավորություն է, չի տիրապետում իր քայլերին և դժվար թե պատասխան է տալիս իր գործողությունների հետևանքների համար: Ցավոք սրտի, նա արդեն իր քաղաքական հավասարակշռությունը և իրատեսական զգացումները կորցրել է, իսկ Ադրբեջանը, ինձ թվում է, ամբողջությամբ անցել է արդեն թուրքական ծառայությունների կառավարման տակ, և բոլոր հրահանգները գալիս են Անկարայից: Հետևաբար՝ եթե ուզում են իրական զինադադար, պետք է ճնշում գործադրել Էրդողանի վրա»,-ասաց նա:

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ հոկտեմբերի 29-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ Ժնևում կայանալիք հանդիպմանն ու հարցին՝ ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ այդ հանդիպումից, Քեռյանը պատասխանեց, որ եթե մինչև այդ հանդիպումը հրադադարը պահպանվի, այդ հանդիպմամբ կամրապնդվի, հետո կարելի է արդեն առաջ գնալ, քննարկել հաջորդ քայլերը՝ ինչ անել պատերազմի շարունակումը կանխելու համար:

«Իսկ եթե մինչև Ժնևի հանդիպումը հրադադարը չպահպանվի, և պատերազմական գործողությունները շարունակվեն, ապա այդ հանդիպումից որոշակի ակնկալիք դժվար թե պետք է ունենալ: Լավագույն բանը կարող է լինել նորից ինչ-որ հրադադարի մասին պայմանավորվածությունը: Մինչ այդ հանդիպումը հրադադարի պահպանումը կարող է այդ հանդիպումից հետո պայմաններ ստեղծել մեկ քայլ ևս առաջ գնալու»,-ասաց Գարիկ Քեռյանը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում