Խուդաֆերինի ջրամբարը չափազանց կարևոր ռազմավարական կառույց է․ իրանցիները ուշի-ուշով հետևում են

Մանրամասներ
Խուդաֆերինի ջրամբար

Իրանի նկատմամբ զենքի առուվաճառքի էմբարգոյի վերացումից հետո հայկական կողմի համար որոշակի հնարավորություններ են բացվել Իրանի հետ ռազմատեխնիկական և ռազմատնտեսական առումով համագործակցելու համար։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը։ Այսօր՝ հոկտեմբերի 18-ի առավոտյան թշնամին, կրկին խախտելով հրադադարի պայմանավորվածությունը, հարձակում էր նախաձեռնել, մասնավորապես, արցախաիրանական սահմանին գտնվող ջրամբարի ուղղությամբ․ «Իրանի համար այս տարածքն ունի չափազանց կարևոր նշանակություն։ Եթե փորձ կատարվի իրականացնել սադրանքներ ադրբեջանական կողմից, կարծում եմ՝ իրանցիները կմիջամտեն, և այդպիսի միջամտություն արդեն իսկ եղել է, բայց, կարծես, դրա մասին չի բարձրաձայնվում իրանական կողմից»,- ասաց նա։ Ինչ վերաբերում է թշնամու կողմից հրադադարի խախտմանը, իրանագետը նշեց, որ Ալիևը չի կարող սեփական հասարակությանն առանց արդյունք ցույց տալու համաձայնել հրադադարին․ «Պատերազմի դադարեցումը ադրբեջանական կոչվող հասարակությանը առանց լուրջ «արդյունք» ցույց տալու հղի է Բաքվի բռնապետի համար իշխանության կորստի վտանգով։ Ուստի, նա, կարծեք թե, գնում է վա-բանկ։ Վտանգներ կան անշուշտ, հայկական ուժերի լուրջ հաջողության պարագայում նա նույնպես ունենալու է նույն իշխանության կորստի վտանգը։ Պատկերավոր ասած, նա գտնվում է սեփական հասարակության ջրի և հայկական բանակի հրի արանքում»,- ասաց Վարդան Ոսկանյանը։

- ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի համաձայն` Իրան զենքի մատակարարումների, ինչպես նաև  երկրից սովորական զենքի արտահանման էմբարգոյի ժամկետը լրանում է այսօր՝ հոկտեմբերի 18-ին։ Ի՞նչ նշանակություն կարող է ունենալ հայկական կողմի համար այս էմբարգոյի վերացումը։

- Կարծում եմ՝ զենքի առուվաճառքի հանգամանքը հաշվի առնելով, որոշակի հնարավորություններ է բացվել Իրանի հետ համագործակցելու համար։ Հայաստանը, եթե գոնե ոչ այս պահին, ապա ապագայում պետք է ի նկատի ունենա այդ հանգամանքը և խորացնի Իրանի հետ ռազմատեխնիկական և ռազմատնտեսական համագործակցությունը։ Դա շատ կարևոր ուղղություն է, և կարծում եմ՝ կարող է ապահովել մեր պահանջմունքի որոշակի հատվածը։ Գիտեք, հիմնական հատվածն ապահովվում է դաշնակից և բարեկամ Ռուսաստանից, բայց Իրանի պարագան էլ պետք է ի նկատի ունենալ հեռանկարում։

- Ըստ պաշտոնական հաղորդագրությունների՝ այսօր առավոտից ռազմական գործողություններ են ընթանում Արցախի հարավային հատվածում, մասնավորապես, Խուդաֆերինի ջրամբարի ուղղությամբ, որը արցախաիրանական սահմանին է գտնվում։ Ի՞նչու է թշնամու հարձակումը ջրամբարի ուղղությամբ, ի՞նչ խնդիր են փորձում լուծել և ինչ կարևորություն ունի այն նաև Իրանի համար։

- Այդ ջրամբարը չափազանց կարևոր ռազմավարական կառույց է արցախաիրանական սահմանին և այդ ջրամբարի մոտ որևէ սադրանք, կարծում եմ, միտված է վնասելու ոչ միայն հայկական կողմի, այլ նաև իրանական կողմի շահերին։ Իրանցիները դա լրջորեն գիտակցում են։ Գիտեք, որ Խուդաֆերինի ջրամբարի խնդիրը արծարծվել է նաև բարձր մակարդակի հանդիպումներում, դրա մասին առկա է տեղեկատվություն, և Իրանի համար այս տարածքը ունի չափազանց կարևոր նշանակություն։ Կարծում եմ՝ իրանցիները ուշի-ուշով հետևում են գործընթացներին և հայկական կողմի հետ պետք է այս խնդրի շուրջ էլ անցկացվեն շատ արագ խորհրդատվություններ։ Ընդհանրապես, ամբողջ պատերազմական այս պայմաններում Իրանի հետ մեր համագործակցությունը պետք է խորանա հնարավորինս, հաշվի առնելով այն կարևոր նշանակությունը, որն Իրանն ունի մեր տարածաշրջանի համար, նկատի ունեմ՝ թե՛ Մերձավոր Արևելքը, թե՛ Հարավային Կովկասը, թե՛ այն հանգամանքը, որ Իրանը միակ և բացառիկ պետություն է, որը սահմանակից է թե՛ Հայաստանի Հանրապետությանը, թե՛ Արցախի Հանրապետությանը, թե՛ «Ադրբեջան» հորջորջվող արհեստածին կազմավորմանը։

- Իրանը արցախաիրանական սահմանին արդեն տեղակայել է ուժեր, նաև Իրանի կողմից ադրբեջանական ԱԹՍ-ների խոցման վերաբերյալ տեղեկություններ եղան։ Այժմ ջրամբարի մասով Իրանի գործողությունները որո՞նք կարող են լինել։

- Իրանի գործողությունները գնահատելու համար պետք է նայել ընդհանրապես Իրանի միջավայրին, ոչ միայն հաշվի առնել ներկա պատերազմական պայմանները, այլ ընդհանրապես Մերձավոր Արևելքում Իրանի ունեցած միջավայրը։ Գիտեք, որ Իրանը դեռևս գտնվում է Միացյալ Նահանգների պատժամիջոցների տակ, և այդ պատժամիջոցների պայմաններում Թուրքիան որոշակի խողովակ է Իրանի համար տնտեսական որոշ խնդիրներ կարգավորելու հարցում։ Ուստի իրանցիները բացահայտ առճակատման առայժմ չեն գնում Թուրքիայի հետ, բայց այլ խնդիր է, երբ վտանգվի Իրանի կենսական շահը։ Եթե փորձ կատարվի իրականացնել սադրանքներ ադրբեջանական կողմից, իսկ Ադրբեջանը գիտեք, որ ներկայանում է ոչ միայն բաշիբոզուկներով՝ նկատի ունեմ նրանց զինված ուժերը, այլ նաև Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչներով և թուրքական հրահանգիչներով, ապա, կարծում եմ, իրանցիները կմիջամտեն և այդպիսի միջամտություն արդեն իսկ եղել է, բայց կարծես դրա մասին չի բարձրաձայնվում իրանական կողմից։ Խոսքը, բնականաբար, ահաբեկիչների ոչնչացման մասին է։

- Երկրորդ անգամ հրադադարը խախտվում է թշնամու կողմից, որը ուժի մեջ պետք է մտներ այսօրվանից։ Ինչի՞ վկայությունն է սա, ի վերջո, ո՞ր պարագայում Ադրբեջանը կգնա հրադադարին, խաղաղության վերջնական հաստատմանը։

- Տեսեք, Ադրբեջանի ներսում Բաքվի բռնապետն այս մի քանի տասնամյակների ընթացքում ստեղծել է սպասումների այնպիսի բարձր շեմ և այնպիսի առասպելաբանություն ադրբեջանական բանակի անկոտրում կամքի և ուժի վերաբերյալ, որ հետքայլ կատարելը բավականին բարդ է և հղի է վտանգով, որ Իլհամ Ալիևը կունենա խնդիրներ սեփական երկրում՝ կապված իշխանության պահպանման հետ։ Այդ խնդիրներն այժմ ավելի են շատացել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ էրդողանական վարչախումբն Ադրբեջանի ներսում ձեռք է բերել համակիրների հսկայական քանակ և մյուս կողմից էլ այս ամբողջ պատերազմական ֆոնին շիայադավան ընդդիմադիր խմբերի հեղինակությունն է աճել, որոնք բնականաբար ունեն իրանամետ հայացքներ։ Հետևաբար, հրադադարի պահպանում կամ պատերազմի դադարեցումն ադրբեջանական կոչվող հասարակությանը առանց լուրջ «արդյունք» ցույց տալու հղի է Բաքվի բռնապետի համար իշխանության կորստի վտանգով։ Ուստի, նա, կարծեք թե, գնում է վա-բանկ։

- Վա-բանկ գնալու դեպքում էլ նորից վտանգներ չկա՞ն նրա իշխանության համար։

- Վտանգներ կան անշուշտ, ցանկացած անհաջողության պարագայում և հայկական ուժերի լուրջ հաջողության պարագայում նա նույնպես ունենալու է նույն իշխանության կորստի վտանգը։ Պատկերավոր ասած՝ նա գտնվում է սեփական հասարակության ջրի և հայկական բանակի հրի արանքում։ Այստեղ որոշում կայացնելը նրա համար արդեն դարձել է բավականին բարդ։ Չնայած, Բաքվի բռնապետի քարոզչամեքենայի կողմից տարածվող որոշակի ազդակներ կան, որ արդեն իսկ նախանշված «արդյունքը» գրանցվել է, ինչը, կարծեք թե, տպավորություն է ստեղծում, որ Ալիևը փորձում է իր իշխանության համար նահանջի ուղիներ էլ թողնել։ Ինչևիցե, Ադրբեջանի ներսում իրավիճակն այդքան էլ միանշանակ չէ, մենք շատ դեպքերում տեսնում ենք էյֆորիկ տրամադրություններ, որոնց անմիջապես հաջորդում է ընկճվածությունը, որոշ դեպքերում՝ խուճապը։ Գանձակի պարագայում հստակ եղել են խուճապային դրսևորումներ, ուղղակի փախուստ այդ քաղաքից։ Եվ պատերազմական գործողություններն ազդում են Ադրբեջանի ներսում թե՛ հասարակական, թե՛ քաղաքական տրամադրությունների վրա, ուստի Բաքվի բռնապետն իրեն մղել է աստիճանաբար նեղացող միջանցք, որից ելքը դեռևս պարզ չէ։

- Թալիշստանում ի՞նչ տրամադրություններ են այժմ։ Ադրբեջանից դուրս եկող տեղեկությունը եթե ոչ ամբողջովին փակված, մեծամասամբ սահմանափակված է, սակայն Լենքորանում հասունացող բողոքի ալիքի մասին կցկտուր տեղեկություններ, այնուամենայնիվ, հասնում են։

 - Այո, չնայած, ադրբեջանական կողմը պարբերաբար փակում է տեղեկատվությունն այս տարածքներից և խստագույն պատժիչ գործողություններ են իրականացվում որևէ բողոքի գործողություն թույլ չտալու համար, բայց Բաքվի բաշիբոզուկների շարքերում կռված և սպանված թալիշների թաղման արարողությունները Լենքորանում և Թալիշստանի այլ հատվածներում վերածվում են յուրատեսակ շիայական արարողությունների։ Այսինքն՝ այդ արարողությունների ժամանակ շատ ավելի գերակա է կրոնական, քան քաղաքացիական գործոնը՝ պատկանելիությունը Ադրբեջան հորջորջվող արհեստածին կառույցին։ Սա նույնպես, կարծում եմ՝ զգալիորեն անհանգստացնում է Բաքվի բռնապետին, որովհետև այդ հավատացյալ շիայական խմբերը, որոնք շատ ուժեղ են հատկապես Թալիշստանի տարածքում, Ապշերոնյան թերակղզում, Ալիևին դիտարկում են ոչ թե որպես Ադրբեջանի նախագահ, այլ «ժամանակի Յազիդ»։ Շիայական գաղափարախոսության մեջ Յազիդ խալիֆը այն անձն էր, որը ճնշում էր շիաներին և որի հետ Քարբալայում մարտի ժամանակ զոհվել է շիայական Իմամ Հուսեյնը։ Հետևաբար, շիայական խմբերը Բաքվի բռնապետին նայում են ոչ թե որպես երկրի նախագահի, այլ որպես անհավատի, որն բռնազավթել է իշխանությունը։ Այս խմբերը Ալիևի համար չափազանց մեծ վտանգ են ներկայացնում, հատկապես՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանք մեծ համակրանք են տածում դեպի Իրանը: