Մեծանում է նավթամուղի և գազատարի վնասման հավանականությունը՝ դեպի Եվրոպա նավթի և գազի մատակարարումների խախտումով

Մանրամասներ

Լեռնային Ղարաբաղում  Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հակամարտությունը կարող է բացասական հետևանքներ ունենալ եվրոպական էներգետիկ անվտանգության համար, ինչպես նաև անդրադառնալ Ադրբեջանի և Վրաստանի անկախության վրա: Ըստ Թերթ.am-ի՝  նման եզրահանգում է արել իսպանական El País պարբերականը, որի վերլուծությունը թարգմանաբար ներկայացրել է Военное Обозрение-ն:

Հեղինակի կարծիքով՝ Կովկասում բռնկված ռազմական հակամարտությունից բացի տեղ ունի նաև էներգետիկ հակամարտությունը: Հոկտեմբերի սկզբին Բաքուն մեղադրել է Երևանին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով և Հարավ-կովկասյան գազատարով ձևավորված էներգետիկ միջանցքին հարվածելու համար:

Նավթամուղը և գազատարը Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Կասպից ծովին զուգահեռ հասնում են մինչև Թուրքիա, սակայն դրանց կարևոր հատվածը անցնում է Հայաստանի հետ երկու երկրների սահմանին շատ մոտ: Այդ նավթամուղը հիմնական միջանցքն է, որն ապահովում է կասպիական նավթի հասանելիությունը դեպի միջազգային շուկաներ: Նավթը հիմնականում մատակարարվում է Թուրքիա, Իտալիա և Իսրայել, ինչպես նաև Իսպանիա:

Գազատարը ԵՄ հարավային գազային միջանցքի մի մասն է, բայց առայժմ ադրբեջանական գազի հիմնական մասն արտահանվում է Թուրքիա: Սպասվում է, որ այս տարվա վերջին գազամուղը կսկսի գազի փոխադրումը Տրանսատլանտյան գազատար (TANAP), որն այսօր Թուրքիայի սահմանը միացնում է Հունաստանի հետ Տրանսադրիատիկ գազատարով (TAP):

Ռազմական հակամարտության զարգացման դեպքում մեծանում է նավթամուղի և գազատարի վնասման հավանականությունը՝ դեպի Եվրոպա նավթի և գազի մատակարարումների խախտումով: Սակայն հեղինակը վստահեցնում է, որ դա չի անդրադառնա Եվրոպայի էներգետիկ անկախության վրա, քանի որ ԵՄ-ն «խեղդվում է» ցածր արժեքով մատակարարվող ամերիկյան և կատարական բնական գազի մեջ:

Այսպիսով, հեղինակի կարծիքով, Հարավային գազային միջանցքի աշխարհաքաղաքական նշանակությունն աստիճանաբար նվազում է, իսկ կովկասյան գազային միջանցքի շրջափակումը մեծ ազդեցություն չի ունենա եվրոպական էներգետիկ անվտանգության վրա: Միևնույն ժամանակ Հայաստանի և Ադրրբեջանի միջև շարունակվող ռազմական հակամարտությունը կարող է ազդել Կասպից ծովից մատակարարվող նավթի վրա, ինչն իր հերթին մեծ հարված կհասցնի Ադրբեջանի և Վրաստանի տնտեսություններին, որոնք մեծ եկամուտներ ունեն փոխադրումից:

«Իսկ տնտեսությանը հասցված հարվածի հետ մեկտեղ հարված կհասցվի նաև Ադրբեջանի և Վրաստանի ենթադրյալ անկախությանը Ռուսաստանից, ինչը Կովկասի էներգետիկ միջանցքի շինարարության նախնական աշխարհաքաղաքական նպատակն էր»,- եզրափակում է հեղինակը: