4 օր ուշացումով Իրանի նախագահը Փաշինյանին շնորհավորել է Անկախության տոնի առթիվ

Մանրամասներ

նիկոլ

Իրանի նախագահ Հասան Ռոհանին 4 օր ուշացումով է վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորել Հայաստանի Անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ։

Ինչպես տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը, Իրանի նախագահի ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձերդ գերազանցությանը ՀՀ ազգային տոնի կապակցությամբ:

Անկասկած, երկու ժողովուրդների մշակութային, հասարակական ընդհանրությունները և երկկողմ բարեկամական հարաբերությունները բարենպաստ պայմաններ կապահովեն հարաբերությունների զարգացման և խորացման համար և երկու երկրների ժողովուրդները կկարողանան  փոխգործակցելով զարգացման ուղում, օրինակ ծառայել աշխարհի երկրների միջև կառուցողական և բարեկամական հարաբերություններ հաստատելու գործում:

Լիահույս եմ՝ Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պաշտոնատար անձանց սերտ և բարեկամական փոխհարաբերությունների լույսի ներքո երկու ժողովուրդների պայծառ և բարեկեցիկ ապագայի ականատեսը կլինենք:

Բարձրյալ Տիրոջից հայցում եմ Ձերդ Գերազանցությանը քաջառողջություն և հաջողություններ, իսկ ՀՀ ժողովրդին՝ բարօրություն»:   

Նշենք, որ իրանագետ Վարդան Ոսկանյանն ավելի վաղ Tert.am–ի հետ զրույցում ասել էր, որ Իրանի նախագահի կողմից Փաշինյանին ուղղված շնորհավորանքի ուշացումն արդեն ուղերձ է, որն անհանգստություն պետք է առաջացնի ՀՀ իշխանությունների մոտ։ Նա նաև նշել էր, որ սրանով Իրանն իր վերաբերմունքն է արտահայտում ՀՀ իշխանություններին Իսրայելում ՀՀ դեսպանատուն բացելու հարցի վերաբերյալ։

«Իրանի նախագահ Հասան Ռոհանիի կողմից Նիկոլ Փաշինյանին ուղղված շնորհավորանքի ուշացումն արդեն ուղերձ է: Այն պայմանավորված է կարևոր հանգամանքով` Իսրայելում դեսպանատան բացման և այլ գործընթացներով, որոնք Իրանում առաջացրել են որոշակի անհանգստություններ և նույնիսկ դժգոհություններ, ինչն արտահայտվում է տարբեր մակարդակներում»,– ասել էր նա։

Վարդան Ոսկանյանը նաև ասել էր, որ Իրանի հետ հարաբերությունների վատթարացումը Հայաստանի համար կարող է առաջացնել անվտանգային խնդիրներ: «Տնտեսական խնդիրներն էլ անվտանգության հետ առնչություն ունեն: Իրանի դերի բարձր մնալը Մերձավոր Արևելքում բխում է Հայաստանի շահերից է: Վերցնենք հենց այն փաստը, որ մենք ունենք երկու բաց սահման. մեկը Վրաստանի, մյուսը Իրանի հետ է, և այդ իմաստով, Իրանի հետ սահմանը մեզ համար կարող է ծառայել որպես կյանքի ուղի: Այդպիսի գործառույթ այն արդեն կատարել է արցախյան պատերազմի տարիներին, հետևաբար՝ այստեղ հարթությունները պետք է զանազանվեն, և այլ երկրների հետ մեր հարաբերություններ զարգացնելու ժամանակ պետք է կշռադատվեն հետևանքները, ռիսկերն ու մարտահրավերները»,- ասել էր նա: