Բաբկեն Թունյանի հետ զրույց չի եղել, պարզապես կտրուկ պատասխանել է, որ ոչ մի փոփոխություն չի լինելու, փոխզիջում չի լինելու։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց հագուստի և կոշիկի առևտրով զբաղվող քաղաքացիներից մեկը, ով մասնակցում է Կառավարության դիմաց արվող բողոքի ակցիային։
Նշենք, որ Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիաներ են անում հագուստի և կոշիկի ներկրմամբ և վաճառքով զբաղվող տնտեսավարողները։ Նրանք բողոքում են Մաքսային օրենսգրքում կատարված փոփոխություններից, որոնց արդյունքում ստիպված են ներկրված ապրանքը ավելի բարձր գնով մաքսազերծել։ Նշում են, որ այս պարագայում ստիպված են լինելու 6 անգամ ավելի թանկ վաճառել ապրանքը, իսկ գնորդները այդքան հնարավորություն չունեն։
Ակցիայի մասնակիցը նշեց, որ որևէ փոփոխություն չի եղել և մաքսազերծման գները չեն փոփոխվել, որը որոշվել էր ՊԵԿ-ի կողմից։ Նա ներկայացրեց, որ թե՛ մարզերում, թե՛ Երևանում մեծածախ և մանրածախ շուկաների աշխատողները գործադուլ են հայտարարել, շուկաները փակ են։
«Այսօր բողոքի ակցիան շարունակելու ենք, վարչապետը պետք է մեզ լսի: Շատ վիրավորված ենք, երբ վարչապետի հետևից գնալ էր պետք, գնում էինք, այդ ժամանակ լավն էինք, բայց չենք կոտրվի, կսպասենք, մինչև մեզ կլսեն»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ հիասթափվել չի ցանկանում, դրա համար ուզում է մտածել, որ այսօր կարող են հանդիպել Փաշինյանի հետ:
0Comments