Նվազել են պետական բյուջեի հարկային եկամուտները 

Պատճառը կորոնավիրուսային իրավիճակն ու դրանով պայմանավորված արտակարգ դրությունն էր, երբ մի քանի ամիս տնտեսությունն ուղղակի կանգ առավ

հարկ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2020 թ. հունվար-օգոստոս ամիսներին ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները եւ պետական տուրքերը կազմել են 887.5 մլրդ դրամ, որը կազմում է 2020թ. ինն ամսվա համար հաստատված ցուցանիշի 76.5 %-ը։ Հատկանշական է, որ 2020 թ. փաստացի ցուցանիշը 2019թ. համապատասխան ցուցանիշից պակաս է 5.3 %-ով կամ 49.9 մլրդ դրամով, իսկ 2018թ. համապատասխան ցուցանիշը գերազանցում է 14.9 %-ով կամ 114.9 մլրդ դրամով։

Իսկ, ահա, հունվար-օգոստոս ամիսներին ավելացված արժեքի հարկի գծով մուտքերը կազմել են 294.4 մլրդ դրամ, որը 2019 թ. համապատասխան ցուցանիշին զիջում է 6.1 %-ով, սակայն 2018. ցուցանիշը գերազանցում է 9.7 %-ով: Շահութահարկի գծով մուտքերը կազմել են 102.9 մլրդ դրամ, որը 2019 թ. համապատասխան ցուցանիշից պակաս է 15.9 %-ով, իսկ 2018 թ. ցուցանիշից պակաս է 5.2 %-ով:

ՊԵԿ կողմից հրապարակված տվյալներից պարզ է դառնում, որ 2020 թվականի արդյունքները պակաս են 2019 թվականի արդյունքներից, սակայն ամեն դեպքում ավելին են , քան եղել են 2018 թվականին: Եվ կրկին այդ ամենի պատճառը կորոնավիրուսային իրավիճակն ու դրանով պայմանավորված արտակարգ դրությունն էր, երբ մի քանի ամիս տնտեսությունն ուղղակի կանգ առավ»: