5-աստղանի հյուրանոցի աշխատակիցը 15-ամյա ռուս աղջկա է բռնաբարել, հետո փորձել է սպանել նրան

Հյուրանոցի ներկայացուցիչները մինչ այժմ հերքում են իրենց աշխատակցի մեղավորությունը

Թուրքական Անթալիա քաղաքի 5-աստղանի հյուրանոցներից մեկում մատուցողը բռնաբարել է Ալյոնա անվամբ 15-ամյա ռուս աղջկան, ինչից հետո փորձել է սպանել նրան: Այս մասին Թերթ․am-ի փոխանցմամբ՝ տեղեկացնում է haberler.com կայքը:

Դեպքից անմիջապես հետո Ալյոնան պահանջել է ոստիկանություն կանչել, սակայն նրա պահանջը բավարարվել է միայն որոշ ժամանակ անց, քանի որ հյուրանոցի աշխատակիցները փորձել են թաքցնել տեղի ունեցածը` մտածելով հյուրանոցի հեղինակության մասին, սակայն աղջկա ծնողները դա թույլ չեն տվել:

Օգնություն չստանալով ՝ տուժածի ընտանիքն ուղևորվել է ոստիկանության մոտակա բաժին՝ հաղորդում տալու: Նրանք կապվել են նաև Անթալիայում Ռուսաստանի հյուպատոս Իվան Ստեպանովի հետ, որն իր հերթին անմիջապես կապվել է Թուրքիայի զբոսաշրջության նախարարության և Միջերկրածովյան զբոսաշրջային հյուրանոցատերերի ասոցիացիայի հետ:

«Հյուրանոցի այս դիրքորոշումը չի համապատասխանում հյուրընկալության սկզբունքներին»,- հայտնել է Ստեպանովը և հորդորել է հանրայնացնել միջադեպը:

Հյուրանոցի ներկայացուցիչները մինչ այժմ հերքում են իրենց աշխատակցի մեղավորությունը: Մենեջեր Ֆաթմա Դողանը վստահեցնում է, որ մատուցողն արդեն 4 տարի աշխատում է հյուրանոցում և ունակ չէ նման քայլի:

«Նա տեսել է, որ ռուս աղջիկը համբուրվել է մեկ այլ հանգստացողի հետ: Հետո աղջիկը կանգնեցրել է նրան, երբ վերջինս անցել է իր համարի կողքով, և խնդրել, որ տեսածը մայրիկին չպատմի: Մեղադրանքները ծագել են այս երկխոսությունից հետո»,-պատմել է մենեջերը:

Գործով հետաքննությունը շարունակվում է: