Ալիևը լուրջ անհանգստացած է

Ցանկանում եմ, որ Դուք դա հենց ինձնից, այլ ոչ թե այլ աղբյուրներից լսեք, մեր անհանգստությունն է Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի միջև ձևավորված եռակողմ ռազմական համագործակցության ձևաչափի վերաբերյալ․ Ալիև

1

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սեպտեմբերի 2-ին ընդունել է երկրում Հունաստանի նորանշանակ դեսպան Նիկոլաոս Պիպերիգոսին: Հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահն անհանգստություն է հայտնել Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի միջև ձևավորված ռազմական համագործակցության հարցով, տեղեկացնում է apa.az կայքը:

«Երկրորդ հարցը, որ ուզում եմ բարձրացնել Ձեզ հետ զրույցի ընթացքում և ցանկանում եմ, որ Դուք դա հենց ինձնից, այլ ոչ թե այլ աղբյուրներից լսեք, մեր անհանգստությունն է Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի միջև ձևավորված եռակողմ ռազմական համագործակցության ձևաչափի վերաբերյալ»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը:

Նորանշանակ դեսպանի հետ զրույցում Ալիևը ներկայացրել է ադրբեջանական թեզերն այն մասին, որ Հայաստանն իբր «օկուպացրել է Ադրբեջանի հողերը, ցեղասպանություն է իրականացրել Խոջալուում և բազմաթիվ ադրբեջանցիների քշել է իրենց տներից»: