Կոռուպցիան` սոցապում. նախարարին «ջրից չոր» է դուրս բերում սորոսական լինելը՞․ Lurer.com

Զարուհի Բաթոյանի՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում նշանակվելուց մինչ օրս նրա ղեկավարած կառույցում արձանագրվել են պաշտնեական դիրքի չարաշահման բազմաթիվ դեպքեր

1

ՀՀ գլխավոր դատախազության կատարած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ հրատապ մեկ անձից գնման ռեժիմով փոքր տներ ձեռք բերելու նպատակով, ՀՀ կառավարության կողմից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացվել է գումար՝ յուրաքանչյուր տան ձեռքբերման նախահաշվային գինը սահմանելով 27.000.000 ՀՀ դրամ։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, պաշտոնեական կեղծիքի կատարմամբ ձեռք են բերվել չափորոշիչներին չհամապատասխանող ապրանքներ, որոնց դիմաց անհիմն վճարվել է 53.680.000 ՀՀ դրամ, իսկ հրատապ ձեռք բերված առանձնատները կացարանի ու խնամքի կարիք ունեցող տարեցներով փաստացի բնակեցված չեն։

Մինչ այս էլ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է ՀՀ սոցիալական ապահովության ծառայության Գավառի տարածքային բաժնի պետի կողմից կաշառք պահանջելու և ստանալու դեպքեր:

Շիրակի մարզպետարանի սոցիալական ապահովության բաժնի տեսուչը նույնպես բռնվել է կաշառք ստանալու պահին:

Շենգավիթի տարածքային սոցիալական ապահովության ծառայության բաժնի պետը բռնվել է կաշառք ստանալու պահին, նա քաղաքացուց պահանջում էր 100 հազար դրամ:

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության մի խումբ պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են վառելիքի բաշխման և գործուղումների գործընթացներում տեղի ունեցած մի շարք չարաշահումների փաստական հանգամանքները: Կատարված նախաքննության արդյունքներով՝ ութ պաշտոնատար անձի վերաբերյալ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: Հանցագործությամբ պատճառված վնասը (4.204.200 ՀՀ դրամ գումար) ամբողջությամբ վերականգնվել է:

Զարուհի Բաթոյանի՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում նշանակվելուց մինչ օրս նրա ղեկավարած կառույցում արձանագրվել են պաշտոնեական դիրքի չարաշահման բազմաթիվ դեպքեր: Սակայն, ինչպես երևում է, նախարարը իր կառույցում տիրող կոռուպցիոն վակխանալիայի համար որևէ պատասխանատվություն չի կրելու` հերթական անգամ ջրից չոր դուրս գալով: Իսկ գուցե սորոսական շրջանակների հետ սերտ կապերն են պատճառը, որ նախարար Բաթոյանին ջրից չոր են դուրս բերում: Չի բացառվում նաև, որ Բաթոյանին չեն հեռացնում, քանի որ նա չի կատարել իր գլխավոր միսիան՝ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման համար անհրաժեշտ հիմքերի և մթնոլորտի ստեղծումը: Գաղտնիք չէ, որ հենց Բաթոյանն ու ԼԳԲՏ համայնքի շահերի պաշտպան Լարա Ահարոնյանն են Հայաստանում կոնվենցիայի գլխավոր լոբբիստները: Եվ քանի դեռ սորոսական նախարարը անելիք ունի այս հարցում՝ նրան կներվի իր ոլորտում տիրող կոռուպցիայի հաղթական շքերթը: Բազմաթիվ ձերբակալությունների, բացահայտումների ֆոնին տպավորություն է ստեղծվում, որ նախարարությունում բոլորը նստած են թալանի վրա, և միայն նախարարն է մաքուր: Մինդեռ ակնհայտ է, որ ոլորտի և կառույցի ղեկավարումը հանձնվել է հենց Բաթոյանին և միայն ու միայն Բաթոյանն է իր կառույցում առկա ապօրինությունների, իր ենթակաների կատարած օրինախախտումների համար թիվ մեկ պատասխանատուն…