Շոկային վիճակում է, որ այդքան մարդու մահը կապվում է իր անվան հետ. սպիրտին միայն թորած ջուր է խառնել

Պատրաստելիս անգամ դեգուստացիա է արել, որ պարզի՝ համը նորմալ է թե ոչ, բայց իրեն ոչինչ չի եղել

օղի

Արմավիրում եւ Երեւանում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ալկոհոլից սուր թունավորման ախտանիշներով մեկ տասնյակից ավելի քաղաքացի է մահացել։ Ըստ քննչական կոմիտեի հաղորդադրության՝ օղիների արտադրությամբ եւ վաճառքով զբաղվել է արմավիրցի 50-ամյա Աշոտ Հովսեփյանը, որը ձերբակալված է։

news.am-ի հետ զրույցում Հովսեփյանի փաստաբան Գոռ Գեւորգյանն ասաց, որ Հովսեփյանը դեռեւս կասկածյալի կարգավիճակում է։ Ըստ փաստաբանի՝ չկան հետազոտությունների արդյունքները, որոնք կապացուցեն կամ կժխտեն օղուց թունավորման փաստը։ Այնուամենայնիվ, կասկածի պարագայում էլ իր վստահորդն ամեն կերպ աջակցում է իրավապահներին, որ բացահայտեն սպիրտի գնման սկզբնական աղբյուրը։

«Ինքն իր մոտ եղած ամբողջ քանակը հանձնել է իրավապահներին։ Ասել է, որ Արմավիրցի տղամարդուց է գնել սպիրտը, նա էլ ասել է, թե ինքն ումից է գնել։ Թե ինչքան քանակությամբ է սպիրտը սկզբնական աղբյուրից վաճառվել հանրապետությունում դեռ պարզ չի։ Բայց ոչ էլ ապացուցված է, թե այն իսկապես պարունակում է թունավոր տարրեր»,- նշեց փաստաբանը։  

Հովսեփյանը պատմել է, որ անվտանգության կանոնները պահպանել է, օգտագործել է թորած ջուր, լիմոն, շաքար. «Շաքարն ու լիմոնի աղը ձեռք է բերել սուպերմարկետից՝ փաթեթավորած։ Իսկ սպիրտն էլ այդ տղամարդուց։ Պատրաստելիս անգամ դեգուստացիա է արել, որ պարզի՝ համը նորմալ է թե ոչ, բայց իրեն ոչինչ չի եղել, ինքնազգացողությունը որեւէ կերպ դրանից չի վատացել, ինքն էլ է հանկարածի եկել պատահածից, շատ վատ է զգում իրեն, շոկային վիճակում է, որ այդքան մարդու մահը կապվում է իր անվան հետ»։

Փաստաբանը պատմեց, որ Հովսեփյանը առողջական խնդիրներ ունի, նրա համար օրվա ընթացքում մի քանի անգամ «Շտապօգնություն» են կանչում։

«Շոկային վիճակում է, առողջական շատ լուրջ խնդիրներ ունի, շաքար ունի, դիետայով պետք է սնվի։ Իրեն նաեւ շատ վատ է զգում, որ այդքան մարդու մահը կապվում է իր անվան հետ»,- նշեց փաստաբանը։

Հովսեփյանը կասկածվում է ՀՀ ՔՕ 279-րդ հոդվածի հատկանիշներով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը): Նրա պատարստած օղուց, ըստ իրավապահների հաղորդած նախնական տվյալների՝ 9 արմավիրցի է մահացել, եւս 11-ն էլ հիվանդանոցում է։ Նշենք, որ եւս 5 անձ էլ մահացել, եւ 2-ն էլ տուժել են Երեւանից, կրկին ալկոհոլային թունավորումից, բայց նրանց դեպքը կապված չէ Արմավիրի դեպքի հետ։