Արցախը` գլխավոր ընտրության առաջ. Սերժ Սարգսյանի հարցազրույցը

Երկու օրից Արցախը համայն հայության հետ կնշի իր Անկախության տոնը

սերժ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակն այսօր՝ օգոստոսի 31-ին, հրապարակել է 1992 թվականի հունիսի 4-ի Սերժ Սարգսյանի հարցազրույցը՝ ԼՂՀ ԳԽ «Արցախ» պաշտոնաթերթի թղթակցին։

«Արցախը` գլխավոր ընտրության առաջ»

Երկու օրից Արցախը համայն հայության հետ կնշի իր Անկախության տոնը: Քչերը գիտեն, թե այդ կարեւորագույն որոշումից ընդամենը մեկ տարի հետո, երբ Արցախը ռազմաճակատում թշնամու դեմ տարած առաջին ոգեւորիչ հաղթանակներն էր նշում, ինչ խնդիրներ էին ծառացած պատերազմի մեջ գտնվող նորանկախ հանրապետության առջեւ:

1992 թվականի հունիսի 4-ին՝ ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանի նախօրյակին ի՞նչ սպասելիքներ ունեին ԳԽ պատգամավորները եւ Արցախի քաղաքացիները, ո՞րն էր նրանց պատկերացմամբ առաջիկա կարեւոր նստաշրջանի գլխավոր հարցը:

ԼՂՀ ԳԽ «Արցախ» պաշտոնաթերթի թղթակիցը` «Արցախը` գլխավոր ընտրության առաջ» վերտառությամբ իր հոդվածում փորձել է պարզել այդ հարցերի պատասխանները, ինչպես նաեւ հասկանալ հանրապետությունում տիրող քաղաքական մթնոլորտը:

Հարցազրույցին մասնակցածների մի մասը կարեւորել է նախագահի ընտրության հարցը, մի մասը՝ երկրում «աշխատելու պայմանների ստեղծումը», նորանկախ պետության մեջ «ղեկավարման կառուցվածքի ստեղծումը»...

Իսկ ի՞նչն էր առաջնահերթն ու կարեւորը այդ ժամանակ ԼՂՀ պաշտպանության կոմիտեի նախագահ Սերժ Սարգսյանի համար.

«Ինձ համար առաջնահերթ նշանակություն ունի բանակի մասին օրենքի ընդունումը:

Ռազմական հաջողության հետ կապված ընդհանուր ոգեւորությունը վտանգավոր է դառնում: Երբեք չպետք է ինքնահանգստանալ:

Ես գտնում եմ, որ պետք է այնպիսի օրենքներ ընդունել, որ հստակվի ԼՂՀ-ի պաշտպանական ուժերի մեջ մտնող մարտիկների կարգավիճակը: Առայժմ հայտնի չէ՝ նրանք կամավո՞ր են, թե՞ վարձու, ո՞վ է ենթակա զինակոչի եւ այլն: Մեզ պետք է օրենք բանակի մասին, որպեսզի իսկական ժամանակակից բանակ ստեղծենք:

Կուզենայի, որ նստաշրջանը նպաստի ԼՂՀ-ում ռազմական եւ քաղաքական կայուն իրավիճակ ստեղծելուն: Դրա համար պետք է հաշվի առնել իրական ուժերի փոխհարաբերությունը»,-ի պատասխան թղթակցի հարցին, ասել է Սերժ Սարգսյանը»,- ասվում է հրապարակման մեջ։