«Գազպրոմի» 7-8 հարյուր հսկիչ և ադմինիստրատիվ այլ աշխատողներ կկրճատվեն

Աշխատավարձերն ու պարգեւավճարները նույնպես կիջնեն․ «Հրապարակ»

Առաջիկայում Հայաստանի գործազուրկների բանակը կհամալրվի մի քանի հազարով։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում զանգվածային կրճատումներ են։

Ընկերության լրատվականից հստակեցրին․ «Նախատեսվում է շուրջ 1000 աշխատողների կրճատում, որն իրականացվելու է փուլային տարբերակով՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջների պատշաճ պահպանմամբ: Այդ առումով ընկերության կողմից աշխատանքներ են տարվում կրճատումների իրավական հիմքերը նախապատրաստելու համար»:

Կրճատումների պատճառը հաստատված նոր սակագինն է, որն ավելի ցածր է, քան այն, որն իր հայտում ներկայացրել էր «Գազպրոմ Արմենիան»: Հիշեցնենք․ ներկայացրած հայտում «Գազպրոմն» առաջարկել էր գազի միջին սակագինը 1000 խմ-ի համար դարձնել 283.14 դոլար` ներկայիս 255.06 դոլարի փոխարեն, իսկ ՀԾԿՀ-ն հունիսի 19-ին սահմանեց 266.71 դոլար:

Կրճատվելու են հիմնականում հսկիչները՝ շուրջ 7-8 հարյուր հոգի, ադմինիստրատիվ այլ աշխատողներ եւս։ Աշխատակիցները մեզ ասացին, որ նաեւ աշխատավարձերն ու պարգեւավճարներն են իջնելու, ինչն ընկերությունից եւս հաստատեցին․ ««Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագները սահմանելու որոշման շրջանակում սահմանվել են նաեւ ընկերության աշխատողների թվաքանակի եւ տարեկան աշխատավարձի ֆոնդի նոր մեծություններ, որոնք ցածր են ընկերության աշխատողների թվաքանակի եւ տարեկան աշխատավարձի ֆոնդի առկա մեծություններից․․․

Ֆինանսական միջոցների (գումարների) անհավասարակշռություն եւ, հետեւաբար, անհրաժեշտություն է առաջացել ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված՝ տնտեսական պայմանների փոփոխման հիմքով նվազեցնել բոլոր աշխատողների վարձատրության չափը 20%-ով»:

«Հրապարակ»