ԿԸՀ անդամին այսօր մահացած են գտել․ նա չէր ստորագրել Բելառուսում կայացած ընտրությունների արձանագրությունը

29-ամյա տղամարդն անհետացել էր օգոստոսի 15-ին

1

Բելառուսում մահացած են գտել Վոլկովիսկ քաղաքի Բագրատիոնի անվան ռազմապատմական թանգարանի տնօրեն Կոնստանտին Շիշմակովը:

Այս մասին Թերթ․am-ի փոխանցմամբ հայտնում է РИА Новости-ն:

Հաղորդվում է, որ 29-ամյա տղամարդն անհետացել էր օգոստոսի 15-ին: Նա զանգահարել էր կնոջը, հայտնել, որ ազատվել է աշխատանքից և տուն է վերադառնում, սակայն այդպես էլ տուն չի հասել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Շիշմակովը, լինելով ընտրական հանձնաժողովի անդամ, հրաժարվել էր ստորագրել նախագահական ընտրությունների արձանագրությունը:

«Ամեն ինչ սկսվեց հենց ամսի 9-ին, երբ նա ընտրական հանձնաժողովում էր: Նրա հետ մի տղա էլ կար: Նրանք երկուսով չեն ստորագրել վերջնական արձանագրությունը: Որդուս խոսքով՝ նրանց փոխարեն ստորագրել են»,- ասել է մահացած երիտասարդի հայրը:

Հիշեցնենք, որ ընտրություններից անմիջապես հետո Բելառուսի տարբեր քաղաքներում զանգվածային ցույցեր են անցկացվում: Ընտրությունների արդյունքներից դժգոհ քաղաքացիներն ամեն օր փողոց են դուրս գալիս: ԿԸՀ-ի տվյալներով՝ հաղթանակ է տարել երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ հավաքելով ձայների 80.1 տոկոսը, երկրորդ տեղոմ էր Սվետլանա Տիխանովսկայան՝ ձայների 10.12 տոկոսով: