Համախմբման գործընթացներ են ընթանում․ «Սև Հովազ» ջոկատի հրամանատար

Բոլոր ոլորտներում քանդման գործընթացներ են ընթանում, իշխանությունները վարում են ազգակործան, թուրքահաճո քաղաքականություն
Live24.am-ը ներկայացնում է

1

Բոլոր ոլորտներում քանդման գործընթացներ են ընթանում, իշխանությունները վարում են ազգակործան, թուրքահաճո քաղաքականություն, նրանց պետք է կանգնեցնել:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Սև Հովազ» ջոկատի հրամանատար, ԱԺ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանը՝ հավելելով, որ կիսում է հացադուլ հայտարարած բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանի մտահոգությունները, բայց կարծում է, որ պայքարի այլ միջոցների պետք է դիմել:

«Կորյուն Ղումաշյանի հետ այցելել էինք նրան, որ համոզենք հացադուլը դադարեցնի՝ հաշվի առնելով իր տարիքը: Ես ասել եմ՝ ինքը ևս արժեք է, մեր երկիրը պատվով ներկայացնողներից է, պետք չէ, որ նրա առողջությունը վտանգվի»,-ասաց նա:

Ռուստամ Գասպարյանը հիշեցրեց, որ պայքարի համար տարբեր հասարակական կառույցների, ազատամարտիկների հետ միասին նախաձեռնություն են ստեղծում: «Այդ ուղղությամբ համախմբման գործընթացներ են ընթանում, կհայտարարենք դրա մասին»,- ասաց նա:

Անդրադառնալով հարցին՝ արդյոք նախաձեռնության ստեղծմանը ԲՀԿ-ն, կամ այլ քաղաքական ուժ աջակցում է, հաշվի առնելով այն, որ ինքը ժամանակին ԲՀԿ խմբակցության պատգամավոր է եղել, Ռուստամ Գասպարյանն ասաց.

«Ոչ մեկի հետ մենք կապ չունենք, մենք միշտ ասել ենք՝ նախկիների վերադարձ չի լինելու, քանի որ մենք նախկիններին էլ ենք տեսել, նախկիների դեմ ևս պայքարել ենք, նոր ազգային ուժեր են պետք՝ հայրենասիրական մոտեցումներով»,- ասաց նա:

Ռուստամ Գասպարյանի խոսքով՝ այսօր ազգային արժեքները վտանգված են: «Էսօր մենք պատերազմական վիճակում ենք, բայց ոչ մի հայրենասիրական բան չեմ տեսնում կրթության ոլորտում, հակառակը: Էսօր մենք ոչնչացնում ենք մեր անցյալը, հերոսներին՝ ինչ-ինչ ուժերին հաճոյանալու, գրանտներ ստանալու համար, այս քաղաքականությամբ մենք վաղը սահմանը պահելու հետ կապված խնդիր էլ ենք ունենալու:

Եթե դպրոցներում մեր երեխաներն հերոսներով չպիտի կրթենք, հայրենասիրությունը ինչպես առաջանալու, հայրենասիրությունը պատմությունն ուսումնասիրելով է առաջանում, հերոսների մասին իմանալով, եթե էսօր ոչնչացնում ենք եղածը, Անդրանիկ, Գևորգ Չաուշ, Նժդեհ պիտի չսովորեցնենք, ո՞ւմից են ոգեշնչվելու: Ի՞նչ է դհոլ-զուռնով, գունավոր մուխով են սահման պահելու, էդ արժեքներն են մտցնում»,- ասաց նա:

Անդրադառնալով հարցին, թե ԵԿՄ-ի վարչության կազմից իրեն արդեն հեռացրե՞լ են, թե ոչ, քանի որ մամուլում նշվել էր, որ Սասուն Միքայելյանն այդպիսի մտադրություն ունի, Ռուստամ Գասպարյանն ասաց.«ԵԿՄ-ից ինձ ոչ ոք չի կարող հեռացնել, միայն համագումարի միջոցով է հնարավոր դա անել: Ես ԵԿՄ վարչության անդամ եմ, բայց խոսում եմ որպես քաղաքացի, «Սև Հովազ» կառույցի ղեկավար, ով մտահոգված է երկրում տիրող իրավիճակից»:

Ռուստամ Գասպարյանը վստահություն հայտնեց, որ երկիրն այս վիճակից դուրս բերելու համար հասարակությունը կհամախմբվի: