Այստեղ հակառուսական քայլեր են անում, պարզ է՝ այնտեղ էլ հակահայկական քայլեր կանեն. ավտոներկրողներ

Ավտոներկրողների միության անդամները կարծում են, որ հայկական ավտոմեքենաների հետ Ռուսաստանում առաջացած խնդիրը կրում է քաղաքական բնույթ

Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող  Ավտոներկրողների միության անդամները կարծում են, որ հայկական ավտոմեքենաների հետ Ռուսաստանում առաջացած խնդիրը կրում է քաղաքական բնույթ,  այսինքն՝ հակահայկական քաղաքականություն է տանում Ռուսաստանը:

«Ես ամաչում եմ, որ Ռուսաստանի մեր հայրենակիցները մեզ համար պայքար են մղում, զանգում մեզ ասում են՝ կորե՞լ եք, մենք ձեզ համար  Ռուսաստանում կռիվ ենք անում, խնդրում ենք, դուք էլ գոնե վարչապետին դիմեք, հարցին  անդրադառնա: Այնտեղ Պուտինին դիմումներ են ուղարկում, տեսաուղերձներ և այլն,  խնդրին լուծում տալու համար»,- ասաց ներկրողներից մեկը՝ նկատելով, որ Հայաստանի կառավարությունն իրենց աջակցելու համար քայլեր չի ձեռնարկում։

Նրա խոսքվ՝ Ազգային ժողովում խմբակցություններն անընդհատ խոսում են, սակայն մինչ օրս ոչ  մի արձագանք չի եղել:

«Հիմա հարցն այն է, որ  ամբողջ Ռուսաստանում հայկական մեքենաների դեմ հակահայկական արշավ է սկսվել, մեր հայրենակիցներն էնտեղ ընտանիքներով կռիվ են տալիս, մենք  էլ նստել, սպասում ենք մեր բախտին»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Նա նշեց, որ եթե այսօր հանդիպում չլինի  վարչապետի, կամ  նախարարներից մեկի հետ, ապա մեքենաներով  մի տեղ  ներխուժելու են,  քանի որ  ուրիշ ճար չկա, հարցը լուրջ է:

«Այն, ինչ հիմա անում է Ռուսաստանի իշխանությունը, հատկապես ներքին գործերի նախարարությունը,  հակաօրինական է:

Իրենք ուղղակի մեր մենքենաները անօրինական, բռնում, տանում են  տուգանային հրապարակ, ոմանք էլ ասում են՝ հակահայկական արշավ է սա և ունի քաղաքական ենթատեքստ: Եթե այստեղ արվում են հակառուսական քայլեր, պարզ է, որ այնտեղ էլ պետք է հակահայկական քայլեր անեն»,- հավելեց մեկ այլ ավտոներկրող:

Ակցիայի մասնակիցները նշում են, որ  պետք է պարզաբանում պահանջել՝ ի՞նչն է նման քաղաքականության պատճառը:

նրանք ասում են՝ որ չեն կարող ինչ-որ  գործ անել որպես քաղաքացիներ, որ  հարցին պետք է միջամտեն քաղաքական գործիչները, իրենք հասարակ մարդիկ են: «Քաղաքական  գործիչներ չենք, մենք չենք կարող հարցին լուծում տալ, դրա համար աջակցություն ենք խնդրում մեր իշխանություններից: Հարցն այն կետին է  հասել, որ մարդիկ կարող են դիմել ոչ ադեկվատ  քայլերի»,- հավելեց ակցիայի մասնակիցներից մեկը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանում հուլիսից հայկական պետհամարանիշ ունեցող ՌԴ քաղաքացիներին չեն թույլատրում երթևեկել։ Նրանց ստիպում են այնտեղ  ևս հաշվառման կանգնել, Ռուսաստանի մաքսային դրույքաչափերով մեքնենան նորից մաքսազերծել, այլապես այդ մեքենաները կառգրավվեն։ Հավելենք նաև, որ ավելի վաղ ՌԴ քաղաքացի գնորդը տեսաուղերձով դիմել էր  ՀՀ Կառավարությանը, ակնկալելով աջակցություն, քանի որ Ռուսաստանում նրանց ձայնը լսելի չէ։