Հակաթուրքական դաշինք կստեղծվի

Հայտարարությունն արվել է Եգիպտոսի, Հունաստանի, Կիպրոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ

Եգիպտոսը հայտնել է Լիբիայում և Միջերկրական ծովում Թուրքիայի սադրիչ գործողություններին դիմակայելու նպատակով Հունաստանի, Կիպրոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Ֆրանսիայի հետ համատեղ դաշինք ստեղծելու մասին։

Այս մասին գրում է «Ալ Մոնիթոր» միջազգային լրատվակայքը՝ նշելով, որ հայտարարությունն արվել է վերոհիշյալ երկրների արտաքին գործերի նախարարների՝ մայիսի 11-ին կայացած վիրտուալ հանդիպման ժամանակ։

Դաշինքը քննադատում է նաև Թուրքիայի մասնակցությունը Լիբիայում ընթացող ռազմական գործողություններին, Տրիպոլիում Ֆաիզ ալ-Սարաջի գլխավորած «Ազգային համաձայնության կառավարության» (GNA) և Թուրքիայի միջև 2019 թ. վերջին վավերացված Միջերկրական ծովում «Ծովային իրավասությունների սահմանազատման վերաբերյալ» և «Անվտանգության և ռազմական համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագրերը։