Տիխանովսկայան չի ընդունում ԿԸՀ-ի տվյալներն ու իրեն է հաղթող համարում

Նա իր ձերբակալության համար որևէ հիմք չի տեսնում և մտադիր չէ լքել երկիրը

Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան իրեն է հաղթող համարում: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

Նա տեղեկացրել է, որ չի ընդունում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացրած նախնական տվյալները:

«Իհարկե, մենք չենք ընդունում: Մեր կողմից ստացված թվերը չեն համապատասխանում այն թվերին, որոնք բարձրաձայվել են»,-ասել է Տիխանովսկայան:

Ընդդիմության թեկնածուն կարծիք է հայտնել, որ Բելառուսի իշխանությունների կողմից ցույցերը ցրելու ուղղությամբ ձեռնարկված քայլերը անհամաչափ էին:

«Մենք խաղաղ փոփոխությունների կողմնակից ենք: Իշխանության կողմից ձեռնարկված քայլերը անհամաչափ էին: Մարդիկ մնացել էին ընտրատեղամասերում, որպեսզի պաշտպանեն իրենց ձայները: Մենք մեր կողմից կանենք ամեն ինչ, որ նման բան այլևս չկրկնվի»,-խոստացել է Տիխանովսկայան:

Նա իր ձերբակալության համար որևէ հիմք չի տեսնում և մտադիր չէ լքել երկիրը: