Ահազանգ. հայկական պետհամարանիշներով մեքենաները ՌԴ–ում նորից մաքսազերծվում են

ՌԴ քաղաքացի գնորդները տեսաուղերձով դիմել են ՀՀ Կառավարությանը, ակնկալելով աջակցություն, քանի որ Ռուսաստանում նրանց ձայնը լսելի չէ

Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող բոլոր այն մարդկանց, որոնք ունեն հայկական պետհամարանիշներով մեքենաներ, շարունակում են ստիպել Ռուսաստանի մաքսային դրույքաչափերով մեքնենան նորից մաքսազերծել։

«Մեր հանդեպ ինչ-որ անօրինական արշավ է սկսվել։ Ռուսաստանում բելառուսական, աբխազական, ղազախական, ղրղզական, հայկական համարներով մեքենաներ կան, բայց մենակ հայկական են առգրավում, սա ի՞նչ է նշանակում»,-բողոքում են Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցները։

Նրանք պնդում են, որ մեր Կառավարությունը պետք է հստակեցնի այս հարցի հետ կապված խնդիրները։

Մաքսազերծման գումարը խոշոր է, միջինում 5000 դոլար արժողությամբ գնված մեքենայի համար ՌԴ քաղաքացիները պետք է հավելյալ 10 000 դոլար վճարեն։

ՌԴ քաղաքացի գնորդները տեսաուղերձով դիմել են ՀՀ Կառավարությանը, ակնկալելով աջակցություն, քանի որ Ռուսաստանում նրանց ձայնը լսելի չէ։

«Հարգելի՛ Նիկոլ Փաշինյան, հավանաբար լսել եք այն մասին, թե ի՞նչ է կատարվում Ռուսաստանում՝ կապված հայկական համարանիշով մեքենաների հետ: ՀՀ-ից 2017 թվականից ՌԴ քաղաքացիները մեքենաներ են գնել, ոչ մի խնդիր չի առաջացել: Շատ ենք ուզում օգնել մեր քաղաքացիներին՝ ցանկանալով ունենալ նաև ձեր աջակցությունը: Եվ այն քաղաքացիներին, ովքեր ՀՀ-ից մեքենա են գնել, ստիպում են ՌԴ-ում ևս հաշվառման կանգնել: Սրա համար պետք է գումար վճարել: Խոսքը մեծ գումարների մասին է: Մոտ 300․000 ռուս մնալու է առանց ավտոմեքենայի, որովհետև ստիպում են կրկին մաքսազերծել մեքենաները, բայց ոչ ոք չի անելու դա: Մենք նաև այնքան գումար չունենք, որ նմանատիպ մեքենա գնենք Ռուսաստանում: Մենք չենք կարողանա նաև մեքենաների հարկերը վճարել, որը վնաս է լինելու ՀՀ տնտեսությանը: ՀՀ-ում վաճառքի ենթակա շատ մեքենա կա: Ձեր ավտոներկրողները հիմա այն չեն կարողանա վաճառել: Մենք երկխոսություն ենք ակնկալում ձեր ու մեր իշխանությունների միջև, քանի որ կարծում ենք՝ մեր իշխանությունները չեն հետևում ԵԱՏՄ կանոններին»,- ասված էր տեսաուղերձում: