Անձնական օգտագործման դեղերի քիչ քանակության ներմուծման դեպքում անհրաժեշտ չի լինի առողջապահության նախարարության թույլտվությունը

ՀՀ ԱՆ-ն պարզաբանել է անձնական օգտագործման դեղերի ներմուծման կարգի փոփոխությունը

ա

ՀՀ կառավարությունն օգոստոսի 6-ին ընդունել է իր 2019թ. փետրվարի 28-ի թվականի թիվ 202-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին որոշումը, ըստ որի` անձնական օգտագործման դեղերի քիչ քանակության ներմուծման դեպքում անհրաժեշտ չի լինի առողջապահության նախարարության թույլտվությունը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, փոխադրող կազմակերպությունների կողմից կամ միջազգային փոստային փոխադրումներով ֆիզիկական անձի անունով ներմուծվող անձնական օգտագործման դեղերը` առանց հավաստագրի կարող են ներմուծել առանց առողջապահության նախարարության հատուկ թույլտվության` տարվա ընթացքում մեկ անգամ «մինչև 5 անվանում, յուրաքանչյուրից` երեքական սպառողական փաթեթ» քանակով:

«Ներմուծման ժամանակ նախարարության թույլտվությունը պարտադիր է, եթե սահմանված քանակները գերազանցվում են: Այս դեպքում թույլտվությունը տրվում է գործող կարգի 49-52-րդ կետերի համաձայն` անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Կարգն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը: