6-րդ վարչությունը մտել է M Group ընկերություն. ՈՒՂԻՂ

Փաստաբաններն ահազանգում են ապօրինի գործողությունների մասին

M Group ընկերությունում Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցներն այս պահին իրականացնում են դեպքի վայրի զննություն, որը, ըստ ընկերության փաստաբանների, իրականացվում է մի շարք օրինախախտումներով։ Լրագրողների հետ զրույցում ընկերության փաստաբան Ամրամ Մակինյանն ասաց, որ Ոստիկանության աշխատակիցներն անցնում են իրենց լիազորությունները եւ դեպքի վայրի զննության անվան տակ իրականացնում խուզարկություն։

«Քիչ առաջ ընկերության աշխատակցուհին ներկայացրեց, թե ինչ է կատարվել իրականում. Ոստիկանության աշխատողները մտել ու պահանջել են, որ դարակներում գտնվող հաշվապահական եւ այլ փաստաթղթերը դրվեն սեղաններին. ինչո՞ւ։ Մինչեւ փաստաբանների ներկա գտնվելը անձինք չեն իմացել իրենց իրավունքները, երբ եկել եմ արդեն ամբողջ հաշվապահական փաստաթղթերը խառը լցված են եղել սեղաններին, որը կատարվել է Ոստիկանության աշխատողների ցուցումով։ Սա կատարվել է նրա համար, որ կարողանան այս քողարկված խուզարկությունը կարողանան օրենքի սահմաններում տեղավորել։ Երբ մարդիկ հասկացան, որ արդեն իսկ իրավունքների պաշտպանությունն իրականացվում է ամբողջ ծավալով, արդեն սկսվեց անօրինականության երկրորդ փուլը՝ ուժի գործադրումը։ Ես հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել, ինձ չի թույլատրվել մուտք գործել եւ պաշտպանել ընկերության շահերը։ Այս ամեն ինչից շատ վատ հոտ է գալիս։ Ոստիկանները շատ վստահ են, որովհետեւ իրենց ցուցում է տրվել՝ արեք ամեն ինչ ու դուք որեւէ խնդիր չունեք։ Իմ գիտակցական կյանքում այսպիսի քննչական գործողության ականատես չեմ եղել. այստեղ հանցանքների շարք կատարվեց, առկա են տեսանյութեր»,- ասաց փաստաբանը։

Հարցին՝ արդյոք կա՞ որեւէ հիմք խուզարկություն կամ դեպքի վայրի զննություն իրականացնելու համար, Մակինյանն ասաց, որ իրենց պաշտոնապես որեւէ հանգամանք նյութերի նախապատրաստման հետ կապված չի ներկայացվել. «Մտեք, տեսեք, որ գողանում են փաստաթղթեր կամ բացահայտ հափշտակում են փաստաթղթեր»։

Փաստաբանն ասաց նաեւ, որ իրենց դատարանի թույլտվություն չեն ներկայացրել. «Օրենքը նախատեսում է, որ անձի կամքին հակառակ կարելի է մուտք գործել բացառապես դատարանի թույլտվությամբ։ Այստեղ են նաեւ Մարդու իրավունքների գրասենյակի աշխատակիցները»։