Հայոց պատմության դասագրքերի չափորոշիչների մշակման հետևում կասկածելի թիմ է կանգնած. պատմաբաններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Աշոտ Մելքոնյանն ընդգծեց, որ փաստորեն որոշ քաղաքական գործիչներ, պատմաբաններ գաղտնի կապի մեջ են մտել Թուրքիայի պատմաբանների, քաղաքական գործիչների հետ, արդյունքում ունենք 2 գիրք, որտեղ ասվում է՝ պիտի հաշտվենք ագրեսիվ հարևանի հետ

«Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտութուն» առարկաների դասավանդման համար ներկայացված նոր չափորոշիչները մշակած խմբի ղեկավարը Լիլիթ Մկրտչյանն է՝ Համաշխարհային պատմության ամբիոնից, և կասկածելի է, որ դպրոցական բոլոր քսան դասագրքերի չափորոշիչների մշակման աշխատանքները ղեկավարում է մեկ մարդ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 3–ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ Արտակ Մովսիսյանը։

«Մենք մտածում էինք՝ ԵՊՀ «Ռեստարտի» անդամ է, քանի որ մեր իշխանությունները, ցավոք սրտի, այդ սիրո հեղափոխությունն անելուց հետո այդ բաժանումն անընդհատ դնում են՝ հներ- նորեր ,սև-սպիտակ. մտածում էինք քանի որ ռեստարտական է, դրա համար, նաև ասում էին՝ Արևիկ Անափիոսյանի մտերիմ ընկերուհին է: Մենք ասում էինք՝ կարևոր չէ, ով ուզում է լինի, թող լավ չափորոշիչ բերվի, որովհետև դրանց հիման վրա վաղը գրվելու է դասագիրք»,- պատմեց նա:

Այնուամենայնիվ, նրա խոսքով՝ ստացվել են խայտառակ չափոփոշիչներ։

«Այդ մասին և՛ Հայոց պատմության ամբիոնը, և՛ Համաշխարհային պատմության ամբիոնը, և՛ Մանկավարժական համալսարանի հայոց պատմության և համաշխարհային պատմության ամբիոնները հանդես եկան հայտարարությամբ: Այսինքն՝ մասնագիտական բոլոր իրավասու կենտրոններից խիստ բացասական կարծիքներ եղան, անգամ, որ դրանք խմբագրելու չեն, պետք է մերժվեն և ստեղծվի նորը»,- ասաց նա:

Արտակ Մովսիսյանը նշեց, որ մինչ իրենք քննարկում և գիտականորեն ցույց են տալիս, որ այդ չափորոշիչները սխալ են, իրենց երիտասարդ կոլեգաներից համացանցում գտել են մի խայտառակ նախագիծ, որը գաղտնի է արվել. խոսքը 17թ. հրատարակված և 19թ. վերահրատարակված «Պատմության ուսուցումը Թուրքիայի և Հայաստանի դպրոցներում. քննադատություն և այլընտրանքներ» գրքի մասին է ։

«Նախագծին թուրքական կողմից «պատմություն» կոչվող մի ՀԿ է մասնակցել, մեր կողմից մասնակցել է երիտասարդ պատմագետների ասոցիացիան, որի նախագահը Լիլիթ Մկրտչյանն է՝ այս չափորոշիչների խմբի ղեկավարը: Ինչն էր հետաքրքրիր՝ եթե համացանցում նայեք, իրենց կայքում ոչ մի բան չկա, այսինքն՝ իրենք էլ են գաղտնի պահում, եթե լավ բան ես անում, հայ-թուրքական հաշտեցում և այլն, ինչո՞ւ ես գաղտնի պահում: Համատարած գաղտնիություն, ոչ մեկս չենք իմացել այդ մասին նաև իրենց ամբիոնը: Ի դեպ, Համաշխարհային պատմության ամբիոնն էլ հանդես եկավ հայտարարությամբ, որ իրենց արածը կապ չունի մեզ հետ»,- ներկայացրեց Արտակ Մովսիսյանը:

Նա նշեց, որ գրքի հեղինակները 13-ն են, որոնցից 7-ն են հայ, իսկ այդ 7-ից պատմաբան են երկուսը՝ Լիլիթ Մկրտչյանը և Հայկ Բալասանյանը: «Երկուսը ԱԺ պատգամավորեր են Մարիա Կարապետյանը և Սոս Ավետիսյանը, որոնցից մեկը ԵՊՀ Ռոմանագերմանական ֆակուլտետի իսպաներենի բաժինն է ավարտել, մյուսը՝Բրյուսովը, եվրոպական լեզվի մասնագետներն իրենք իրենց իրավունք են վերապահել հայոց պատմությունը մեր դասագրքերում և Թուրքիայի պատմությունը նրանց դասագրքերում քննարկել, քննադատել ցույց տալ սխալները և´ ցույց տալ, և´ կանխորոշել այն սկզբունքները, որոնցով պետք է մեր երկու երկրների դասագրքերը փոփոխվեն»,- ասաց նա:

Արտակ Մովսիսյանը նշեց, որ ակադեմիական գիտական կոնսուլտանտ է հանդես եկել մեր միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը, որը միջազգային հարաբերություններ ֆակուլտետն է ավարտել: «Հեղինակներից մյուսը Նվարդ Մանասյանն է, որը ՅՈՒՆԻՍԵՖ-ի մեջ է, իսկ գրքում նրա մասնագիտությունը գրվում է՝ ֆեմինիստ և սոցիալ-դեմոկրատ: Մյուս երկուսը Կարինե Փալանջյանը և Արարատ Շեկելյանն են: Վերջինս պոլսահայ երիտասարդ է, մասնագիտանում է ռուսաց լեզու և գրականության մեջ, Կարինե Փոլաջյանն էլ Արիզոնայի համալսարանից է: Նա քաղաքագիտությամբ է զբաղվում, միակն է, ով իր էջում հանգիստ դրել է և 17 թվի հրատարակությունը և 19 թվականի վերահրատարակությունը: Արիզոնայի համալսարան է, հեռու է, մտահոգություն չունի»,- նշեց նա:

Արտակ Մովսիսյանը նաև ասաց, որ գրքի համար գրանտ է տրվել ընդամենը 20 հազար եվրո կամ դոլար, սակայն մինչ այդ բավականին շատ դրամաշնորհներ են տրվել: Ըստ նրա՝ դրամաշնորհների այդ քանակից ակնհայտ է դառնում, որ հայերի և թուրքերի հաշտեցմամբ շատ ուժեր են շահագրգռված և այդ նպատակով էլ հսկայական գումարներ են տրվում:

«Գրքում ամեն ինչ արված է, որ մեզ ու թուրքերին հավասարեցնեն, և որ մեզ սևացնեն, ասվում է՝ Հայաստանի այսօրվա պատմության դաստիարակությունը կրում է խորհդային կրթության ժառանգությունը ինչպես դիսկուրսով, այնպես էլ մանկավարժական առումով, խորհրդային տարիներին Ստալինի՝ ազգությունների քաղաքականությանը համահունչ. խորհդային 15 պետություններից յուրաքանչյուրն ստեղծել է իր ազգային պետությունը, և այդ կոնցեպցիան սկսում է ազգի էթնոգենը, հետևում է ազգային ինքնագիտակցություն, ազգային-ազատագրական պայքար և այլն: Որ սուլթանականներին ու քեմալականներին մեզ հավասարեցնեն, մեզ վերագրել են ստալինյան պիտակը, որը այլանդակ սուտ է: Խորենացին, որ գրում էր Ստալինի ծնվելուն դեռ 1500 տարի կար: Մեր ամբողջ պատմագրությունը սկսում է՝ ծագում, ազատագրական պայքար, պետության ստեղծում. այսինքն՝ մեզ վերագրում են ստալինիզմը, որ մեզ հավասարեցնեն թուրքերի հետ»,- ասաց նա:

ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանն էլ ասաց՝ մենք հերթական անգամ հայտնվում ենք ծուղակի մեջ։

«Մենք հաշտվելու խնդիր չունենք, մենք խաղաղասեր ենք եղել, այդպիսին շարունակում ենք մնալ, պետք է զգույշ լինենք, որ հերթական ծուղակում չհայտնվենք: Այս անգամ ցավոք հայտնվեցինք ծուղակի մեջ՝ կրթական ծրագրերի տարբերակով, որը մեր ազգային անվտանգության բաղադրամաս է կազմում, ցավոք մենք ներքաշվեցինք այդ խաղի մեջ»,- ասաց Աշոտ Մելքոնյանը՝ հավելելով, որ դա հերթական խաղն է, որի մեջ ներքաշվելով, մենք հայտնվում ենք այնպիսի վիճակում, ինչի պատճառով խեղաթյուրում ենք մեր պատմությունը:

Աշոտ Մելքոնյանն ընդգծեց, որ փաստորեն որոշ քաղաքական գործիչներ, պատմաբաններ գաղտնի կապի մեջ են մտել Թուրքիայի պատմաբանների, քաղաքական գործիչների հետ, արդյունքում ունենք 2 գիրք, որտեղ ասվում է՝ պիտի հաշտվենք ագրեսիվ հարևանի հետ: