Պուտինն արգելել է Ռուսաստանում կրիպտոարժույթով վճարումները

Բացի այդ, փաստաթուղթն արգելում է Ռուսաստանում թվային արժույթի վճարման մեթոդների գովազդումը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որը սահմանում է «թվային ֆինանսական ակտիվներ» և «թվային արժույթ» հասկացությունները, ինչպես նաև արգելում է կրիպտոարժույթի օգտագործումը Ռուսաստանում ՝ ապրանքների և ծառայությունների դիմաց վճարման համար: Ինչպես, 168.am-ի փոխանցմամբ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:

«Իրավաբանական անձինք, ովքեր գործում են Ռուսաստանի օրենսդրության շրջանակներում և փաստացի 12 ամսվա ընթացքում առնվազն 183 օրը գտնվել են Ռուսաստանի Դաշնությունում, իրավունք չունեն ընդունելու թվային արժույթը՝ որպես ապրանքների, աշխատանքների, ծառայությունների դիմաց վճարման միջոց», – սահմանված է օրենքում։

Բացի այդ, փաստաթուղթն արգելում է Ռուսաստանում թվային արժույթի վճարման մեթոդների գովազդումը: Օրենքի համաձայն, քաղաքացիները կկարողանան գնել թվային ֆինանսական ակտիվներ վարկային հաստատություններից, բայց միայն այն դեպքում, եթե դրանք թողարկվել են Ռուսաստանի օրենսդրության շրջանակներում։