Քիմ Քարդաշյանը վերջերս ամուսնու մոտ էր մեկնել՝ նրան հայտնելու, որ «իրենց ամուսնությունն ավարտված է»․ People

Ավելի վաղ Քարդաշյանը խոստովանել էր, որ ամուսինը տառապում է հոգեկան խանգարմամբ

Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը վերջերս Վայոմինգ նահանգում գտնվող 14 մլն դոլար արժողությամբ ռանչո էր մեկնել ամուսնուն՝ ռեփեր, դիզայներ Քանյե Ուեսթին հայտնելու, որ «իրենց ամուսնությունն ավարտված է», գրում է People ամսագիրը։

«Նա հետ չի ստանում այն, ինչ իրեն հարկավոր է Քանյեից։ Այդ ամենը հասել է այն աստիճանի, որ Քիմը Վայոմինգ էր մեկնել ամուսնուն հայտնելու, որ իրենց ամուսնությունն ավարտված է և հրաժեշտ տալու»,- ասել է People-ի աղբյուրը:

Աղբյուրի խոսքով՝ իրապատում շոուի աստղի միակ մտահոգությունը իր և Ուեսթի չորս երեխաներն են։

«Նրան անհանգստացնում են իր երեխաները և նրանց համատեղ մեծացնելու հարցը։ Նա շարժվում է դեպի ամուսնալուծություն»,- ասել է աբյուրը։

Ավելի վաղ Ուեսթը, որը վերջին շրջանում տարօրինակ վարքագիծ է դրսևորում՝ մեկը մյուսից սկանդալային գրառումներ անելով Twitter-ում, հրապարակավ ներողություն է խնդրել կնոջից:

Ուեսթն իր թվիթերյան էջում կնոջից ներողություն է խնդրել անձնական կյանքի գաղտնիքները հրապարակայնացնելու և դրանով սիրելիին ցավ պատճառելու համար:

«Կցանկանայի կնոջիցս՝ Քիմից, ներողություն խնդրել նրա համար, որ հանրայնացրել եմ իր անձնականին վերաբերող տեղեկությունները: Քիմ, ցանկանում եմ ասել, որ գիտեմ քեզ պատճառածս ցավի մասին, խնդրում եմ, ներիր»,-գրել է արտիստը:

Ավելի վաղ Քարդաշյանը խոստովանել էր, որ ամուսինը տառապում է հոգեկան խանգարմամբ։ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում գրել էր, որ ամուսնու մոտ երկբևեռ խանգարում է, որը հոգեբուժության մեջ հայտնի է նաև որպես մանիակալ-դեպրեսիվ փսիխոզ։

«Ինչպես գիտեն ձեզնից շատերը, Քանյեն տառապում է երկբևեռ խանգարմամբ։ Դրա հետ մեկտեղ՝ նա փայլուն, բայց բարդ անձնավորություն է։ Ովքեր մոտ են Քանյեի հետ, գիտեն, որ նրա խոսքերը երբեմն չեն համընկնում գործողությունների հետ», - գրել է Քարդաշյանը։

Քարդաշյանն ու Ուեսթն ամուսնացել են 2014 թվականին: Քանյեի հոգեկան խանգարման մասին խոսակցություններն ակտիվացան Քարդաշյանից բաժանվելու մասին նրա գրառումից հետո, որն անմիջապես հեռացվել էր սոցիալական ցանցի նրա էջից, սակայն չէր վրիպել լրատվամիջոցների ուշադրությունից։