Ռուսական բազան ՀՀ–ից հանելու մասին խոսողները պետք է զգաստանան. Քոչարյանը` թուրք-ադրբեջանական զորավարժության մասին

ՆԱՏՕ-ի ամենից մեծ բանակն է Թուրքիայի բանակը, իր հնարավորություններով ամենից հզոր

Աշխարհն է փոխվել, տարածաշրջանում հզոր պետությունները փորձում են իրենց դերակատարությունը ընդգծել, ավելացնել, սա ավելի շատ աշխարհաքաղաքական գլոբալ փոփոխությունների արդյունք է: Այս մասին այսօր` հուլիսի 29-ին, երեք հեռուստաընկերություններին տված հարցազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` պատասխանելով այն հարցին, թե ինչով  է պայմանավորված Թուրքիայի վերջին ակտիվությունը:

«Աշխարհն է փոխվել, տարածաշրջանում հզոր պետությունները փորձում են իրենց դերակատարությունը ընդգծել , ավելացնել, սա ավելի շատ աշխարհաքաղաքական գլոբալ փոփոխությունների արդյունք է, Թուրքիայի ամբիցիաները այսօր եւ 10-15 տարի առաջ էապես տարբերվում են իրարից, եւ սա մի գործոն է, որի հետ պետք է հաշվի նստենք, եւ սա շատ լուրջ մեսիջ է նրանց համար, ովքեր ելույթ են ունենում ռուսական բազաները Հայաստանից հանելու մասին, ովքեր ցույցեր են անում ՌԴ դեսպանության դիմաց, որոնց հիմնական թիրախը ռուսական ռազմաբազան է Հայաստանում: Հիմա այդ մարդիկ ոչ միայն պետք է զգաստանան, այլ պետք է հասկանան, թե ինչի հետ է դա կապված, եւ ինչ հետեւանքներ կարող էին լինել Հայաստանի համար, եթե Ռուսաստանը ներկայացված չլիներ Հայաստանում ռազմական բազայով: ՆԱՏՕ-ի ամենից մեծ բանակն է Թուրքիայի բանակը, իր հնարավորություններով ամենից հզոր»,-ասաց նա:

Պատասխանելով այն հարցին, որ Թուրքիան Ադրբեջանի հետ միասին Նախիջեւանում աննախադեպ զորավարժություններ է անցկացնու եւ մեծաքանակ զորք  է այդ հատվածում տեղակայված, հնարավո՞ր է, որ այդ կողմից հարձակում լինի ՀՀ-ի վրա, երկրորդ նախագահն ասաց, որ դա անկասկած ուժի ցուցադրում է, եւ զգուշացում է, որ կարող է լինել նաեւ նման կարգի զարգացում:

«Նման կարգի մաասշտաբային զորավարժությունները ոչ միայն զորավարժություններ են զորավարժությունների համար, այլեւ` լուրջ քաղաքական ազդակ են տարածաշրջանի բոլոր երկրների համար: Չեմ կարծում, որ դա կարող է վերածվել ներխուժման, բայց այն հանգամանքը, որ քեզ ուղղակի ասում են, որ սա հնարավոր սցենար է, այո, այդպես է: Յուրաքանչյուր նման կարգի զորավարժություն նաեւ նման ազդակ է, որ, այո, կարող է այսպես լինել, ինչ-ինչ հանգամանքների ժամանակ»,-ասաց Քոչարյանը: