Վերաքննիչը մերժեց Միքայել Մինասյանի կալանավորումը մերժելու վերաբերյալ դատական ակտի դեմ բերված դատախազության բողոքը

Ակնհայտ է, որ երկրի քաղաքական իշխանությունները չեն կարող հանդուրժել այս վիճակը, եւ առաջիկա ժամանակահատվածում դատարան կներկայացնեն Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ թվով արդեն երրորդ միջնորդությունը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի կալանավորումը մերժելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ բերված դատախազության բողոքը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Միհրան Պողոսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Բազմաթիվ անգամ առիթ ենք ունեցել խոսելու, որ Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ թվով արդեն երկրորդ միջնորդությունն ապօրինի եւ անհիմն է, ինչն այսօր հաստատվեց վերաքննիչ քրեական դատարանի կողմից։

Ակնհայտ է, որ երկրի քաղաքական իշխանությունները չեն կարող հանդուրժել այս վիճակը, եւ առաջիկա ժամանակահատվածում դատարան կներկայացնեն Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ թվով արդեն երրորդ միջնորդությունը, որին կնախորդեն «հերթական աղմկահարույց եւ շռնդալից բացահայտման» վերաբերյալ մամլո հաղորդագրություն եւ հանրային հեռուստաընկերության եւ «Ազատություն ռադիոկայանի» կողմից պատրաստված «բազմակողմանի եւ օբյեկտիվ» ռեպորտաժներ»: