Ոստիկանության բարձրաստիճան ոստիկանները խնջույք են կազմակերպել` խախտելով պարետատան կանոնները. «Փաստինֆո»

Արդեն ժամեր տևող խնջույքի աղմուկն այնքան մեծ է, որ  գրավել  նաև ռեստորանի այլ այցելուների ուշադրությունը
ոստիկանապետ

«Փաստինֆո»-ի  հավաստի տեղեկություններով` այս պահին ՀՀ ոստիկանության բարձրաստիճան ոստիկանները` ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի գլխավորությամբ խնջույքի են մասնակցում «Ծիրանի» ռեստորանային համալիրում:

«Տարածքում գտնվող մեր լրագրողը նկատել է շուրջ երկու տասնյակի հասնող ծառայողական` ոստիկանության, պետական համարանիշերով, ինչպես նաեւ ճանապարհային ոստիկանության ուղեկցող ավտոմեքենաներ:

Խնջույքի առիթը, ըստ մեր ունեցած տեղեկությունների, Արցախի Հանրապետության նորանշանակ ոստիկանապետ, ոստիկանության գեներալ – մայոր Աշոտ Հակոբջանյանի հայաստանյան այցն է, ում տարել են հյուրասիրության` այն վերածելով իսկական տոնախմբության:

Արդեն ժամեր տևող խնջույքի աղմուկն այնքան մեծ է, որ  գրավել  նաև ռեստորանի այլ այցելուների ուշադրությունը:

Հիշեցնենք, որ համավարակով պայմանավորված, պարետատան սահմանած կանոնների համաձայն՝ բազմամարդ հավաքներն ու խնջույքները ՀՀ տարածքում արգելված են: Ստացվում է սակայն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մանկության ընկեր հանդիսացող ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը ոչ միայն չի հետևում պարետատան սահմանած հակահամաճարակային կանոններին, այլև արհամարհելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի բազմաթիվ հորդորները՝ վտանգում է իր և իր շրջապատի անդամների առողջությունն ու խնջույքներ կազմակերպում:

Հետաքրքիր է, պատասխանատվության ինչ միջոցներ կձեռնարկի պարետատունը, երկրի վարչապետը, որ իր համաերկրացին խախտում է օրենքը, թե այնուամենայնիվ օրենքի առաջ ոչ բոլորն են հավասար»,– գրում է կայքը: