ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշը հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ

Գուտերեշը կոչ է արել առաջնորդներին զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից և վերադառնալ բանակցություններին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ կոչ անելով հայ-ադրբեջանական սահմանին անհապաղ կայունացնել իրավիճակը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, գրում է ria.ru-ն։

«Պարոն Գուտերեշն այսօր առավոտյան խոսել է ՀՀ վարչապետ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ։ Հեռախոսազրույցների ընթացքում գլխավոր քարտուղարն իր մտահոգությունն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին մարտական գործողությունների մասին հաղորդագրությունների կապակցությամբ։ Գլխավոր քարտուղարը ևս մեկ անգամ կրկնել է իր կոչը, այն է՝ անհապաղ և լիակատար լարվածության թուլացում»,- ասել է Դյուժարիկը։

Նրա խոսքով՝ Գուտերեշը նաև կոչ է արել առաջնորդներին զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից և վերադառնալ բանակցություններին:

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Հուլիսի 12-ին՝ ժամը 13:45-ին, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով` հետ շպրտվել:

Ադրբեջանական կողմը հրետակոծությունը շարունակել է նաև հուլիսի 13-ին և 14-ին։ Հուլիսի 15-ին սահմանին իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել։

Ըստ վերջին տվյալների՝ ադրբեջանական կողմը պաշտոնապես հաստատված 12 զոհ ունի, հայկական կողմը՝ 4: Կան վիրավորներ:

Լույս հուլիսի 16-ին՝ ժամը 03:40-ի սահմանում, Ադրբեջանի զինուժը ձեռնարկել է դիվերսիայի փորձ: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էր, որ դիվերսիայի փորձը կասեցվել է, և թշնամին կորուստ տալով հետ է շպրտվել: 05:20-ից սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից:

Երեկ՝ ժամը 22:30-ին, «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել է հերթական հարձակումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Հայկական ԶՈւ ստորաբաժանումը հետ է մղել հակառակորդի գրոհը` պատճառելով զգալի կորուստներ: Ըստ նախնական տվյալների` հակառակորդի հատուկ նշանակայինները բացի կորուստներից ունեն նաև ծուղակում մնացած զինծառայողներ: Հայկական կողմը կորուստներ չունի»,- գրել է նա: