Ադրբեջանի ԶՈւ-երը հրետանային միջոցներ, զրահատեխնիկա են տեղակայել Աղդամի բնակելի տների բակերում. ապացույցներ կան. Փաշինյան

Դա արվել է մեր Զինված ուժերի պատասխան գործողությունները քաղաքացիական բնակչության դեմ հարձակում ներկայացնելու համար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանություն նախարարություն, որտեղ հանդիպում է ունեցել ՊՆ և Զինված ուժերի ղեկավար կազմի հետ՝ նախարար Դավիթ Տոնոյանի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել է նաև Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Վարչապետ Փաշինյանն իր խոսքում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին արձանագրվող լարվածությանը: Մասնավորապես, վարչապետը նշել է. «Այսօրվա մեր հանդիպման նպատակը Հայաստան-Ադրբեջան սահմանին տիրող օպերատիվ իրավիճակի քննարկումն է:

Մինչ այդ, սակայն, հստակ պետք է արձանագրել, որ տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը լարվել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած ագրեսիայի հետևանքով:

Նախորդ կիրակի օրը՝ հուլիսի 12-ի երեկոյան, Ադրբեջանի զինված ուժերը հարձակում են ձեռնարկել Հայաստանի զինված ուժերի «Անվախ» սահմանային դիրքը գրավելու նպատակով:

Իրավիճակի ամբողջական ընկալման համար հարկ է արձանագրել, որ այս դիրքը գտնվում է Հայաստանի Հանրապետության սահմանից այս կողմ, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում և Ադրբեջանի գործողություններն այլ կերպ, քան ագրեսիա հնարավոր չէ որակել:

Ընդ որում, Ադրբեջանի զինված ուժերը հրետանային կրակի միջոցներով, հարվածային անօդաչու թռչող սարքերի միջոցով թիրախավորել են Տավուշի մարզի Մովսես, Այգեպար, Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերը՝ էական վնաս հասցնելով քաղաքացիական ենթակառուցվածքներին և բնակելի տներին:

Միևնույն ժամանակ, մենք ունենք ապացույցներ և փաստացի տվյալներ, որ Ադրբեջանի զինված ուժերը հրետանային միջոցներ, զրահատեխնիկա են տեղակայել Չինարիի դիմաց գտնվող Աղդամ գյուղի բնակելի տների արանքներում, բակերում և հենց այդտեղից են թիրախավորել մեր գյուղերը՝ մեր Զինված ուժերի պատասխան գործողությունները քաղաքացիական բնակչության դեմ հարձակում ներկայացնելու համար»,-ասել է նա:

Ելույթն ամբողջական՝ այստեղ