Հուլիսի 13-ից Մոսկվայում կչեղարկվելի փողոցներում պարտադիր դիմակ կրելու ռեժիմը

Քաղաքապետը հայտարարել է, որ դեռևս բաց տարածքներում զանգվածային միջոցառումներ չի թույլատրվում իրականացնել

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ քաղաքի փողոցներում հուլիսի 13-ից սկսած դիմակ կրելու պարտադիր ռեժիմն այլևս չի գործելու, այս մասին tert.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է «ՌԻԱ Նոսվոստի» գործակալությունը։

Սոբյանինը նշել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի վարակակիրների թիվը միջինում նվազել է 20 տոկոսով։ Հունիսի վերջին շաբաթվա տվյալների համեմատությամբ՝ վարակակիրների թիվն այժմ օրական 834-ից հասել է 670-ի։

«Ուշադրություն դարձնելով այս դրական միտումներին և հաշվի առնելով բժիշկների խորհուրդները՝ ես որոշում եմ կայացրել շարունակել սահմանափակումների չեղարկումը՝ առաջին հերթին կրթության, մշակույթի, հանգստի, զվարճանքների և ծառայությունների տրամադրման ոլորտներում»,- գրել է քաղաքապետն իր բլոգում։

Հայտնի է, որ հուլիսի 13-ից Մոսկվայում չեղարկվելու է ուսումնական հաստատությունների, սպորտային, երաժշտական, գեղարվեստական դպրոցների հեռակա աշխատանքային ռեժիմը, վերաբացվելու են մշակութային և զվարճանքի կենտրոնները, մանկական ճամբարները, վերացվելու են նաև ձեռնարկատիրության ոլորտում բոլոր սահմանափակումները։

Սակայն  քաղաքապետը հայտարարել է, որ դեռևս բաց տարածքներում զանգվածային միջոցառումներ չեն թույլատրվում իրականացնել։ Միևնույն ժամանակ պահպանվում են սոցիալական հեռավորությունը պահելու, հանրային տրանսպորտում, բուժհաստատություններում, խանութներում և այլ հանրային վայրերում դիմակ և ձեռնոց կրելու վերաբերյալ պահանջները։