ՄԻԵԴ-ի կողմից միջանկյալ միջոցի կիրառման մերժմանը պետք չէ շատ ուշադրություն դարձնել․ Արա Ղազարյան

Այսինքն` դա ընդամենը հայցի ապահովման միջոց է և բոլորովին կապ չունի նրանց գանգատի, վեճի բովանդակության հետ
արա ղազարյան

ՄԻԵԴ-ի կողմից ՍԴ 3 դատավորի և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ներկայացրած դիմումների միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդության մերժման վրա պետք չէ շատ ուշադրություն դարձնել։ Դա բոլորովին կապ չունի նրանց գանգատի, վեճի բովանդակության հետ, ամենակարևորը սա է։ Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը: Նա նաև հնարավոր է համարում ՄԻԵԴ-ի որոշման հիման վրա ՍԴ դատավորները վերականգնումն իրենց պաշտոններում։

- Մարդու իրավունքներ եվրոպական դատարանը նախօրեին որոշում է կայացրել ՍԴ 3 դատավորի և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ներկայացրած դիմումների հարցով՝ կապված ՀՀ սահմանադրական վերջին փոփոխությունների և իրենց իրավունքների հնարավոր խախտման հետ: ՄԻԵԴ-ը մերժել է դիմումների միայն միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը, իսկ իրավունքի խախտման մասով դիմումները վարույթ են ընդունվել։ Ի՞նչ է ենթադրում այս որոշումը։

- Երբ հայցի ապահովման միջոց ես ուզում կամ միջանկյալ միջոց, դրան զուգահեռ ՄԻԵԴ-ը միշտ տալիս է ժամկետ, որ դու հիմնական գանգատը ներկայացնես։ Հիմնական գանգատը ընդունվում է վարույթ, իսկ հայցի ապահովման միջոցի վերաբերյալ ինքը որոշում է կայացնում՝ կամ մերժում է, կամ բավարարում։ Սովորաբար 1 տոկոսի հնարավորություն կա։ Ես մի քանի անգամ ունեցել եմ նման որոշում՝ Կարեն Ղազարյանի գործով, Մայրապետյանի վերաբերյալ որոշումը լիովին հայցի ապահովման միջոց են, բայց դրանց հավանականությունը շատ-շատ քիչ է, ուստի եթե ՄԻԵԴ-ը մերժում է, չի նշանակում, որ գանգատը լավը չի եղել։ Ուղղակի կան թեմատիկ ոլորտներ, որ ՄԻԵԴ-ը կտրականապես հրաժարվում է մտնել՝ համարելով, որ Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի (միջանկյալ միջոց) կիրառման շրջանակից դուրս է։ Դա տարօրինակ չէ, սովորաբար, 39-րդ կանոնով ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունում էքստրադիցիայի հետ կապված գործերը։ Այնպես որ, որևէ բացասական բան այստեղ ես չեմ տեսնում (դիմումների միջանկյալ միջոց կիրառելու միջնորդության մերժման հետ կապված – Tert.am), դա բոլորովին կապ չունի գանգատի բովանդակության հետ, ամենակարևորը սա է։ Այսինքն` դա ընդամենը հայցի ապահովման միջոց է և բոլորովին կապ չունի նրանց գանգատի, վեճի բովանդակության հետ։

- Իրավունքի խախտման մասով դիմումները վարույթ ընդունվելուց հետո գործն ի՞նչ ընթացակարգեր է անցնելու։

- Չգիտեմ՝ ՄԻԵԴ-ը առաջնահերթություն կտա, թե ոչ։ Հաշվի առնելով գործի կարևորությունը` ամենայն հավանականությամբ, առաջնահերթություն կտա։ Բայց որ դա լինելու բավականին հիմնավորված, կասեի՝ գերհիմնավորված դիմում, ես դրանում կասկած չունեմ։ Իսկ այս հայցի ապահովման միջոցի վրա պետք չէ շատ ուշադրություն դարձնել, դա ընդամենը միջանկյալ դատական ակտ է։

- Իրավունքների խախտման մասով հնարավո՞ր է՝ ՄԻԵԴ-ը այնպիսի որոշում կայացնի, որ ՍԴ դատավորները վերականգնվեն իրենց պաշտոններում։

- Միանգամայն հնարավոր է, որովհետև շատ նման գործ էլ կա ՄԻԵԴ-ում։ Իհարկե, ՄԻԵԴ-ը որոշում չի կայացնում վերականգնելու մասին, թեև բացառության կարգով երբեմն կարող է նաև ցուցում տալ իր որոշման մեջ, երբ խախտումը բացառիկ է, առերևույթ է, և երբ իշխանությունները ցույց են տալիս բացահայտ արհամարհանք մարդու իրավունքի նկատմամբ։ Սովորաբար, ՄԻԵԴ-ը միայն արձանագրում է խախտումը, հետո արդեն հաջորդ փուլում՝ վճռի կատարման փուլում, որոշում է՝ ինչ անեն։ Օրինակ` Ուկրաինայի Վճռաբեկ դատարանի անդամին հեռացրել էին պաշտոնից, նրան ՄԻԵԴ-ի որոշման հիման վրա վերականգնեցին պաշտոնում։ Հիմա ես տարիներ շարունակ պայքարում եմ Անահիտ Սաղաթելյանի գործի համար։ Այստեղ նույնպես դատավորի լիազորությունները դադարեցվել են, պայքարում ենք վերականգնելու համար, բայց շատ դժվար է ընթանում։ Առաջիկայում Սամվել Մնացականյանի գործով վճիռն է սպասվում՝ կրկին դատավորի կողմից ներկայացված։ Մի խոսքով` հարցը՝ կվերականգնվի, թե ոչ, դժվար է ասել։ Իհարկե, եթե խախտում արձանագրվի, տեսականորեն պետք է վերականգնեն ու վերջ, բայց դեռ վաղ է դրա մասին խոսելը։

- Որքա՞ն ժամանակ անց այդ ամենի ականատեսը կլինենք։

- Ժամկետները միշտ տարբեր են լինում, հնարավոր է` ՄԻԵԴ-ը առաջնահերթություն տա՝ կրկին հաշվի առնելով խախտման լրջությունը, աննախադեպ բնույթը, համակարգային բնույթը։ Այդ դեպքում, իհարկե, արագացված կարգով կընթանա։  

Ամբողջական հարցազրույցը՝ սկզբնաղբյուր կայքում