Սպանություն Վարդենիսում. ՔԿ-ն մանրամասնում է

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 19 հատ 7,62 մմ տրամաչափի պարկուճներ և փամփուշտի կրակված գնդակներ

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Վարդենիս քաղաքի 25-ամյա երիտասարդի սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2020թ. հունիսի 27-ին՝ ժամը 23։35-ի սահմաններում, Վարդենիս քաղաքի Չարենցի փողոցի շենքերից  մեկի  մուտքի մոտ առերեւույթ  հանցագործություն կատարած անձը ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակոցներ է արձակել Վարդենիս քաղաքի 25-ամյա բնակչի  ուղղությամբ, որի հետեւանքով հաջորդ օրը,  ստացած մարմնական վնասվածքներից,  Գեղարքունիքի կայազորային հոսպիտալում երիտասարդը մահացել է։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 19 հատ 7,62 մմ տրամաչափի պարկուճներ և փամփուշտի կրակված գնդակներ։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)  1-ին մասով եւ 104-րդ հոդվածի (սպանություն)  1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կազմվել է քննչական խումբ:

Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատահետքաբանական, դատագենետիկական եւ դատաձգաբանական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է։

Ձեռնարկվում են միջոցառումներ` դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաեւ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձին (անձանց) ինքնությունը պարզելու ուղղությամբ: