ՀՀԿ երիտթևը բողոքի ակցիա է անցկացնում ԵՄ գրասենյակի դիմաց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նրանք նամակ հանձնեցին

ՀՀԿ-ի երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները բողոքի ակցիա են իրականացնում Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց: Նրանք նամակ հանձնեցին ԵՄ ներկայացուցչությանը:

ՀՀԿ երիտթեւի ղեկավար Հայկ Մամիջանյանը լրագրողներին հայտնեց, որ իրենք այսօր նամակներ կհանձնեն նաեւ ԵԱՀԿ անդամ բոլոր երկրների դեսպանատներին, ՄԱԿ-ի գրասենյակին, ինչպես նաեւ ԵԽ գրասենյակին. «Նամակի բովանդակությունը հետեւյալն է. ներկայացնում է նկարագրություն իրավական տեսանկյունից այն ամենաթողության, որ տեղի է ունենում Հայաստանում ՍԴ-ի հետ եւ առհասարակ ժողովրդավարական գործընթացների տրամաբանությամբ: Սկսել ենք ԵՄ գրասենյակից, որովհետեւ տիկին դեսպանն իր կողմնակալ խոսքով, իսկ հաճախ կողմնակալ լռությամբ տպավորություն է ստեղծում, որ եվրոպական կառույցները կողմ են կամ լուռ են այս գործընթացների նկատմամբ, այնինչ թե Վենետիկի հանձնաժողովը, թե Եվրոպայի խորհուրդը, թե Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը, բոլորը արդեն արտահայտել են իրենց կարծիքը այս ամենաթողության նկատմամբ»,-ասաց նա:

Մամիջանյանը հայտարարեց, որ արտակարգ դրությունը պահպանվում է միայն մեկ նպատակով, որ նման ակցիաներ հնարավոր չլինի իրականացնել: Իսկ այսօր իրենք ակցիայի մասնակիցները դիմակներով են, հնարավորինս պահպանում են սոցիալական հեռավորություն. «Այսքան մարդու հնարավոր չէ ամեն օր բերման ենթարկել: Մենք այս ակցիաները, ընդ որում, որոշել ենք սեղմ կազմով լինել, անում ենք, որ իշխանություննոերը հասկանան, որ իրենք ամեն ինչ անել չեն կարող: Վաղ թե ուշ, թե ներքաղաքական, թե միջազգային հարթակներում մեր իշխանությունների քիթը պետք է հատակին կպնի եւ իրենք հասկանան, որ իրենք ամեն ինչ չեն կարող անել»,-ասաց Մամիջանյան:

Տեսանյութը՝ news.am-ի