Նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը կալանավորվեց

Նշված գործով մեղադրյալի կարգավիճակ ունի նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը

ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանն այսօր՝ հունիսի 27-ին կալանավորվեց Երևանի ընդհանուր իրավասության  դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշմամբ։

Այս մասին news.am-ին հայտնել է նրա պաշտպանը:

«Դատավորը ի վիճակի չեղավ դիմադրելու` հաշվի առնելով իր փորձն ու կենսագրությունը»,- նշեց փաստաբանը։

Հիշեցնենք, որ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-154.2 հոդվածի 2-րդ մասով (կուսակցություններից կամ թեկնածուներից որեւէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու կամ մեկից ավելի անգամ քվեարկելու համար ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք տալուն օժանդակելը):

Նշենք, որ նշված գործով մեղադրյալի կարգավիճակ ունի նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Առաջին ատյանի դատարանը մերժել էր Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը։